«Թող մոռանան, որ կան շերտեր կամ հին ու նոր դաշնակցություն. Չկա նման բան». Արթուր Խաչատրյանը պարզաբանում է  

Սին, ձախողված և կանխավ դատապարտված են բոլոր այն քայլերը, որոնք նպատակ ունեն Դաշնակցությունը պառակտելու և ասելու, թե իբրև կա Հայաստանի դաշնակցություն և Սփյուռքի դաշնակցություն։

Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞վ  է պայմանավորված այն, որ ՀՅԴ Հայաստանի գրասենյակն ակտիվ քննադատում է իշխող ուժի քաղաքականությունը, իսկ սփյուռքի կառույցները նման գործելաոճով աչքի չեն ընկնում, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ես 1991 թվականից Դաշնակցության անդամ եմ,  և  այդ թվականից այդ ձախող ջանքերը միշտ եղել են։ Դաշնակցությունը միշտ միակամ է, պարզապես միշտ, երբ Հայաստանից պատվիրակություն է մեկնում, նա այնտեղ ներկայացնում է պետությունը, և այդ առումով  սփյուռքի կառույցներից աջակցություն է ստանում»,- ասաց  Խաչատրյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ մարմնի անդամը հիշեց Եվրոպայում ՀՅԴ լոբբիստական աշխատանքների համակարգող Գասպար Կարապետյանի հարցազրույցներից մեկը, որում նա հիշել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Դաշնակցության գործունեության կասեցումը։

«Ժամանակին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կասեցրել էր Դաշնակցության գործունեությունը, այն ժամանակվա դեսպանը խնդրել էր, որ Հունաստանում կազմակերպվի բարձրաստիճան հանդիպում, Գասպար Կարապետյանն ասել է՝ թեև կարող էի ասել՝ գնա, թող քո նախագահը կազմակերպի, սակայն, քանի որ հարցը վերաբերել է Հայաստանի բարեկեցությանը, դա արել եմ»,- հիշեցրեց Ա. Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ, եթե ՀՅԴ սփյուռքի կառույցներն աջակցում են ՀՀ իշխանություններին, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի իշխանության նկատմամբ սփյուռքի  դաշնակցականների վերաբերմունքը տարբերվում է Հայաստանի դաշնակցության վերաբերմունքից։

«Թող մոռանան, որ կան շերտեր, կամ հին ու նոր դաշնակցություն: Չկա նման բան»,-ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս