Ի՞նչ խնդիրներ կունենան առևտրի ոլորտի տնտեսվարողներն օրենսդրական նոր փոփոխություններից
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առաջարկվել են շրջիկ և շարժական առևտուրը կարգավորող մի շարք փոփոխություններ, ինչպես նաև օրենքի խախտման դեպքում սանկցիաների կիրառմանը վերաբերող դրույթներ:
Հստակ կանոնակարգեր կմտցնեն, շարժական առևտրի կետերի դեպքում նաև ժամային սահմանափակում կլինի: Այսինքն՝ ժամային գրաֆիկ կառաջարկվի տնտեսվարողներին, որ նրանք այս ժամից այն ժամը կարող են փողոցում վաճառել իրենց ապրանքը: Տնտեսվարողները նաև կարող են ընտրել առևտրի վայրը: Նրանց կտրվի էլեկտրոնային քարտեր, որոնց միջոցով կկարողանան ընտրել այն վայրը, որն իրենց հարմար է տվյալ օրվա տվյալ ժամին: Տնտեսվարողը հնարավորություն կունենա իր շարժական խանութը կամ սննդի կետը որոշակի օրերի տեղափոխել մեկ այլ վայր՝ ըստ պահանջարկի և ըստ նպատակահարմարության: Սակայն, սրա հետ մեկտեղ՝ նրան շարժական խանութի արտաքին ձևի ու չափի պահանջներ կներկայացվեն:
168.am–ի հետ զրույցում «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանն անդրադառնալով ժամային սահմանափակումներին՝ նկատեց.
«Եթե սահմանափակումը վերաբերում է նրան, որ շարժական առևտրի կետը գիշերը չպետք է աշխատի, դա՝ ուրիշ հարց, բայց եթե օրվա մեջ պետք է լինեն հատուկ սահմանված ժամեր, ենթադրենք՝ 4-5 ժամ, դա, բնականաբար, նպատակահարմար չէ ոչ միայն առևտրի, այլև խցանումներ ստեղծելու առումով: Նպատակահարմար է տրեյլերները գիշերային ժամերին տեղափոխել, որպեսզի երթևեկությանը չխանգարեն:
Ենթադրենք՝ 12:00-17:00-ը պետք է աշխատի, 12-ից առաջ և 5-ից հետո պետք է հեռացվի այդ կայանը, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում: Տեղի համար էլ, ինչպես հասկացա՝ էլեկտրոնային եղանակով են վճարելու, ու երևի թե երկարաժամկետ վճար է, օրինակ, 6 ամիս կամ մեկ տարի: Իսկ այն, որ հիմա իքս տրեյլերը, ասենք, Օպերայում է, մյուսը՝ Սայաթ-Նովա փողոցում, այդ կետը դիտարկելո՞ւ են արդյոք, և եթե դիտարկելու են՝ իրե՞ն են տրամադրելու, թե՞ մեկ այլ տնտեսվարողի: Ձևի ու չափի մասով, բնականաբար, պետք է ձևաչափ սահմանեն, որ ով ինչ հասցնի՝ չտանի, դնի փողոցում»:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի փոխանցմամբ էլ՝ փաթեթը վաղուց կառավարություն էին ուղարկել, որտեղ նախագծի ուղղությամբ պետք է աշխատեին, ապա նոր ուղարկեին ԱԺ: Խմբակցություններից ոչ մեկը չի մասնակցել դրա մշակմանը:
«Նախապես հանդիպել ենք շարժական առևտրի կետերի սեփականատերերի հետ, մեր տեսակետը հայտնել ենք, եղել է պայման, որ տեղերը պետք է լինեն աճուրդային տարբերակով, որ մեզ համար ընդունելի չէր, որովհետև աճուրդայինի ժամանակ կարող է մեծ խաղացող մտնել դաշտ ու ֆինանսապես ուղղակի խեղճացնել մյուսներին:
Նոր առաջարկները, որ ուղարկվել են Կառավարություն, դրանց դեռ չենք ծանոթացել»,- հաղորդեց Միքայել Մանրիկյանը:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց, որ իրավական նորմերի շուրջ 30 փոփոխության առաջարկներ է արել քաղաքապետը: Դրանք դեռ Կառավարության օրակարգում չեն:
Անի Կարապետյան