«Եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել, թող մտածեն իրենց մասին։ Ժամանակը կգա՝ իրենց իսկ իրենց տեղը ցույց տալու». Հենրիկ Հովհաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը մի շարք փոփոխություններ է նախատեսում գիտության եւ կրթության ոլորտներում, որը միանշանակ չի ընդունվել ոլորտի մասնագետների կողմից։ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկին, նկատում է՝ իզուր են մտահոգված գիտությունը բուհեր տանելու համար, որովհետեւ գիտությունը բուհերում արդեն կա։ «Ակադեմիայում ովքեր իրենցից մի բան ներկայացնում են, բոլորը դասավանդում են, այսինքն՝ գիտության եւ կրթության կապն արդեն գոյություն ունի, թող իզուր չմտահոգվեն։

Գիտությունների ակադեմիան պետք է լինի, եւ նրանք, ովքեր ասում են, թե Գիտությունների ակադեմիան սովետական ժառանգություն է, խորապես սխալվում են, նրանք չեն պատկերացնում՝ ինչ է ակադեմիա, նրանք չգիտեն, որ Գիտությունների ակադեմիայի ձեւը, կերպը նախահեղափոխական Ռուսաստանից է վերցված, իսկ նրանք էլ Գերմանիայից են վերցրել։ Թե՛ Գերմանիայում, թե՛ Ավստրիայում կան գիտությունների ակադեմիաներ, եւ թող ոչ մեկը չփորձի ակադեմիա ասվածն ամեն գնով կապել սովետական կարգի հետ»,- ասում է նա ու հավելում, որ շատ կուզեր իմանալ, թե որ ինստիտուտը որ բուհին են ուզում միացնել։

«Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ Երկիրը պետք է ունենա ակադեմիա։ Եթե սա քաղաքակիրթ երկիր է, եւ մենք քաղաքակիրթ ազգ ենք, ուրեմն ունենք մեր սիմվոլները, որոնք միայն սիմվոլ չեն։ Գիտությունների ակադեմիա, օպերային թատրոն, պատկերասրահ, Մատենադարան, սիմֆոնիկ նվագախումբ, սրանք պարտադիր են, իսկ եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել, թող մտածեն իրենց մասին։ Ժամանակը կգա՝ իրենց իսկ իրենց տեղը ցույց տալու։ Մարդու մեկը, որին չեն քվեարկել, եւ չի դարձել ազգային ակադեմիայի անդամ կամ թղթակից անդամ, որոշել է կռիվ տալ ակադեմիայի դեմ»։

Թե ում նկատի ունի՝ Հովհաննիսյանը չասաց, միայն հավելեց. «Չեմ ուզում անունը տալ, նա կհայտնվի, քանի անգամ ես դա ասել եմ, այդ թվում՝ 2 տարի առաջ ակադեմիայի ընդհանուր ժողովում, եւ բոլորը նայեցին այդ մարդու կողմը։ Մի խոսքով, դա վրդովեցնող բան է, հակազգային եւ խավար շարժում է ակադեմիայի դեմ։

Գուցե ակադեմիայում կան նաեւ ավելորդ մարդիկ, ինչպես ամեն տեղ կան, սա առանձին հարց է, բայց ակադեմիան մնում է ակադեմիա։ Պետք է լինի մի հաստատություն, որտեղ մարդիկ զբաղվեն միայն գիտությամբ։ Եթե միայն գիտությամբ չեն զբաղվում եւ ունեն կողմնակի գործեր, կողմնակի զբաղմունքներ, գիտությունը տուժում է։ Այսօր, ցավոք, մենք այն վիճակում ենք, որ ստիպված ենք գիտության հետ միասին անել ուրիշ աշխատանքներ, որովհետեւ գիտաշխատողի աշխատավարձն ակադեմիական ինստիտուտում ամենացածրն է»։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում նախանշված փոփոխության համաձայն՝ այլեւս բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ, եւ բուհի ղեկավարությունն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական պլանում, թե՞ ոչ։ «Ես ավարտել եմ 1958թ., Թատերական ինստիտուտը, եւ այնտեղ մենք չենք անցել ո՛չ հայոց լեզու, ո՛չ հայ գրականություն, ո՛չ էլ հայոց պատմություն։ Բայց հիմա կարիք կա, որ հայոց լեզուն մտցվի ամեն տեղ, որովհետեւ լեզուն վատ վիճակում է։ Երբեք մեր լեզուն այսքան անպաշտպան, այսքան խեղաթյուրումների չի ենթարկվել։ Զարմանալի է, բայց սովետական ժամանակ լեզուն շատ լավ պահպանվեց, իսկ հիմա ինչ պատահեց՝ չգիտեմ։ Մարդիկ զարդարվում են իրենց չիմացած անգլերենով, եթե պիտի ասեն «վարիչ», ասում են «մենեջեր», դա քաղաքակրթություն է նրանց համար, պարզապես չեն հասկանում, որ մարդու կրթվածության առաջին աստիճանը մայրենի լեզվին տիրապետելն է։ Հայոց լեզուն այսօր բոլոր բուհերում պետք է լինի ամենապարտադիրը, իսկ հայոց լեզվի ուսուցիչը՝ ամենակարեւոր մարդը։ Լեզուն է որոշում ազգի գոյությունը, կեցությունը, իմաստը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս