Բաժիններ՝

Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երևանում վայրէջքով

Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր է առաջարկել Երեւանում կեսժամյա վայրէջքով՝ առանց ուղեւորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երեւանում ուղեւորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից եւ տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ուղեւորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երեւանում վայրէջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-հավելել են Georgian Airways-ում:

Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը կազմում է 193 եվրո՝ երկու ուղղությամբ:

Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել է, որ միջանկյալ վայրէջքներով մինչեւ Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թռիչքների արգելման պահից:

«Դրանում ոչ մի նոր բան չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են ՌԴ-ից կատարել տարանցիկ չվերթներ, դա օրենքի խախտում չէ»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս