«Մենք այսօր ունենք դատական համակարգ, որը գտնվում է գործադիրի «դռբի» տակ»

«Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանը համոզված է՝ եթե գործող իշխանությունը քաղաքական կամք ունենա, ապա դատական համակարգը կգործի անկախ: Իսկ առայժմ, ըստ նրա՝ ականատես ենք լինում փողոցային արդարադատության։

Լևոն Բաղդասարյանը, ով նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանն է, նկատեց, որ իր պաշտպանյալի դեպքում քրեական գործը «կարվել» է. «Այսօր դատական համակարգն ուղղակի չի ցանկանում արդարադատություն իրականացնել՝ լավ հասկանալով, որ այդ քրեական գործն ուղղակի փլուզվելու է հենց դատական պաշտպանության ժամանակ, և նման պայմաններում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ անձին պահելով կալանքի տակ՝ ունենալով բազմաթիվ հիվանդություններ, փորձ է արվում վերջինիս գործն առանձնացնել այնքան, որ անձը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա»:

Նա նաև տեղեկացրեց, որ սույն գործը գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում՝ անօրինական կալանքի և խոշտանգման փաստի ուժով։

Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ նոր հիվանդություններ են ի հայտ եկել. «Մենք այսօր ունենք դատական համակարգ, որը գտնվում է գործադիրի «դռբի» տակ՝ որոշակի հնչեղ գործերով, և ունենք իշխանության մարտավարություն որոշակի գործերով, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի գործով՝ չիրականացնել արդարադատություն, այլ անձին պահել խոշտանգման կարգով՝ հոգեկան տառապանք պատճառելով, որպեսզի անձը դանդաղ մահանա»:

Լրագրողի հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հանդեպ նման դիրքորոշումը կարո՞ղ է կապ ունենալ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ, պաշտպանը պատասխանեց. «Պարոն Գրիգորյանը ոչ միայն չմիացավ կանգնած ժողովրդին, այլև, լինելով պետական բարձր պաշտոնյա՝ չմիացավ այդ ժամանակվա գործող իշխանությանը:

Մարտի 1-ի դրվագով, կարծում եմ, պատմությունը գնահատական կտա, թե որքանով էր ճիշտ Մանվել Գրիգորյանի գործողությունը, որպեսզի ավելորդ արյուն չհեղվեր»։

Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Լ. Բաղդասարյանը նշեց. «Իրավական գործառույթը թող իրականացվի, բայց ոչ նման շոուի տեսքով: Այս գործով էլ ես անմեղության կանխավարկածի հետ կապված ուղղակի աղերսներ եմ տեսնում, և, այո՛, սարերի հետևում չէ, որ որոշ գործերով ՄԻԵԴ-ն իր վերաբերմունքը կհայտնի»:

Փաստաբանն անդրադարձավ նաև հեղափոխությունից հետո Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին հարցին. «Վերջին հաշվով, ընդունված է կարծել, որ այն գրվել է այն տարիներին, երբ կարող էր ՍԴ դրույթներում լինեին նեգատիվ տարրեր, և հայտարարել, որ տեղի է ունեցել հեղափոխություն, և Սահմանադրություն չփոխել, կարծում եմ՝  գործող իշխանության սխալներից է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս