«Պատրաստել էինք մի քանի հարցեր, բայց կանգնեցինք մեկ հարցի տարբերակի վրա». ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակությունը ստացել է իր հարցի ցանկալի պատասխանը
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին. գարնանային նստաջրանից հետ, սա ՀՀ պատվիրակության երկրորդ մասնակցությունն է եղել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Լոնդոն մեկնելուց առաջ պատրաստվել են բոլոր այն զեկույցների շահարկմանը, որոնք կարող էին օգտագործել Ադրբեջանի կեղմից և որը կարող էր կրկին բարձրաձայնել, թե իբրև Հայաստանը «գրավել է» Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, ինչը չի տեղավորվում Մինսկի խմբի մինչև այսօր տված որևէ բանաձևում:
«Մենք այդ բոլոր զեկույցների մեջ պատրաստել էինք նաև մեր հիմնական հնչեցվելիք հարցը: Իհարկե, Արտաքին գործերի նախարարության համապատասխան կառույցների հետ մի քանի հանդիպում ունեցանք՝ լավ գիտակցելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությունն այդ հնարավորությունը տալիս է: Ճիշտ է՝ պատրաստել էինք մի քանի հարցեր, բայց կանգնեցինք մեկ հարցի տարբերակի վրա: Ակնկալիքը, որ մենք կստանայինք պատասխանի այդ բովանդակությունը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն, ըստ էության, մեր հարցին տվեց բացառիկ պատասխան, որի մասին մամուլում արդեն տարածվել է»,- այսօր Ազգային ժողովում հրավիրած մամուլի ասուլիսին նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ ասել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին:
Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ, արդեն պատրասվում են գարնանային նստաշրջանին, որը տեղի կունենա Կիևում, որի ժամանակ ևս շարունակելու են իրենց նախաձեռնողական մոտեցումները և դրանք ավելացնելու են:
«Ամեն ինչ համընկավ նրա հետ, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր սկսել, և այս վեհաժողովի մթնոլորտն ըստ էության պտտվում էր այդ իրադարձության շուրջ, թեմաներն առնչվում էին ընդհանրապես այն զինված ուժերի ապագային՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ կապված և այն մտահոգություններին, որոնք առնչվում էին ՌԴ-ի, Չինաստանի զինված ուժերի զարգացումներին: Քանի որ բոլորը գիտեին, որ մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիայի թեման դարձավ ամենակարևոր մտահոգությունը: Կարծեք, թե ՆԱՏՕ-ն գիտակցում էր, թե այնտեղ ինչ էր կատարվում, բայց իրավական առումով այնտեղ խնդիր չէր տեսնում, ինչը դժգոհություն առաջացրեց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների շրջանում»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան