Brexit-ը կբերի երկրների բարեկեցության անկման. ԵԿԲ-ի ղեկավար
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբերի երկրների բարեկեցության ոչ մեծ անկման: Այս մասին հայտարարել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինձ համար դա (Brexit-ը) մեծ տխրություն է: Վշտալի է տեսնել, որ բրիտանացիները դուրս են գալիս Եվրամիությունից,- ասել է Լագարդը:- Դա կազդի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ որոշ երկրների՝ Իռլանդիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների վրա»:
«Բոլորն էլ փոքր-ինչ կզգան անկումը բարեկեցության առումով: Դա կվերաբերի ամբողջ աշխարհին».- նշել է նա:
Բրիտանական խորհրդարանի հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ձախողվել է Համայնքների պալատով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծն անցկացնելու կառավարության փորձը:
Պատգամավորները հավանություն են տվել կաբինետին արված առաջարկությանը, որը ներկայացվել էր կառավարող Պահպանողական կուսակցության նախկին անդամ Օլիվեր Լետվինի կողմից եւ որն անմիմաստ է դարձրել քվեարկությունը ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ, որը պետք է կայանար նույն օրվա երեկոյան: Դրանից հետո Ջոնսոնը, ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին համապատասխան, պաշտոնապես Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից Brexit-ի եռամսյա հետաձգում է խնդրել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
Ի դեպ, Ջոնսոնը չի ստորագրել այդ նամակը եւ դրանից անմիջապես հետո Տուսկին ուղարկել է անձնական ուղերձ, որում նշել է, թե ինքը դեմ է հետաձգմանը, քանի որ այն «վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի շահերին» եւ Եվրամիությունում Լոնդոնի գործընկերներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: