«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան
«Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վերջինս տարակուսեց ներկայիս իշխանությունների այն գործելակերպից, իրավապահ մարմինների գործելակերպից՝ նշելով, որ մարդը հաճախ մամուլից է իմանում, որ իր հետևից գալու են:
«Ես սա անընդունելի եմ համարում: Այս վայրենի, «գեղցիական» վերաբերմունքն անընդունելի է, որ համապատասխան գերատեսչությունները ցույց են տալիս: Բա ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն հակահետախուզական մարմին է: Սա է միայնակ բռնում այդ մարդկանց: ОБХСС է դարձել ԱԱԾ-ն»,- ասաց Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ ուզում է կոչով հանդես գալ:
«Պարոնայք սպաներ, դուք հակահետախուզության համար եք: Ամբողջ Հանրապետությունը լցված է ադրբեջանական ու թուրքական լրտեսներով: Դրանց բռնեք: Էդ հարկային գործերը ձեր գործերը չեն: ՊԵԿ-ը կա, թող անի: ՊԵԿ-ին էլ պետք է կոչ անեմ էլ ավելի ինտենսիվացնել թաքցրած եկամուտները գտնելը, բայց այդ ամենն արեք սուսուփուս, ընկերներ»,- հայտարարեց նախկին վարչապետը:
Խոսելով 2020թ. բյուջեի նախագծի մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ 2020թ. սպասումները շատ փխրուն հողի վրա են:
«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համարում է, որ տնտեսությունը կաճի 3.5 տոկոս: Հիմնական շարժիչներն են Հնդկաստանն ու Չինաստանը: Սակայն, կա մի հատ բայց… Ինչպե՞ս կավարտվի ամերիկաչինական առևտրային պատերազմը: Ընդամենն օրեր առաջ Թրամփը մի լավ լուր հայտարարեց, հետո հակառակն ասեց: Մի խոսքով, եթե այդ 3.5-ն իրականանա էլ, մերոնք պլանավորում են 4.9, 1.4-ով ավելի: Մենք աշխարհից 3 անգամ ցածր ենք… Քանի՞ տարի հետո մենք կհասնենք աշխարհի միջինին: Նիկոլ Փաշինյանը պետք է 140 տարվա կյանք ունենա, որ 80 տարի հետո մենք հասնենք աշխարհի միջինին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա կարծում է, որ տնտեսությունում մենք այսօր ունենք տոքսիկ ճյուղեր, որոնք տնտեսությունը թունավորում են՝ խաղերը և ավտոմեքենաների ներմուծումը: Տոքսիկ են, որովհետև մյուս տարի կամ էն մյուս տարի չեն լինելու:
«Երևի չի հերիքում, և ինքը կամ օգնականը զանգում են Ստեփան Մնացականյանին, ասում են՝ 7 %-ը ոնց ուզում ես՝ ստացիր: Էդ մարդն էլ անընդհատ բարձրացնում է»,- նկատեց ՀՀ նախկին վարչապետը:
«Իհարկե, ես չեմ ուզում խոսել 2020թ. բյուջեի նախագծից, քանի որ նախագիծը Ազգային ժողով դեռ չի գնացել: Բայց այն տարբերակը, որ այս պահին քննարկում են Կառավարությունում, այնտեղ աճը նախատեսված է 130-140 միլիարդով, երբ որ 2018-ին բացարձակ հավելաճը նախատեսված էր 200 միլիարդ: Այդպես կմաշվի, և 2021-ին մենք կհասկանանք, որ ոչ մի առաջընթաց էլ չեղավ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 2020թ.-ին էլ ոչինչ չի լինելու:
Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկորեն չի աշխատում, այլ անընդհատ հնարք է բանեցնում:
«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության: Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:
«Ինքը վիճակը բերում է նրան, որ՝ կամ ինքը, կամ Հայաստանը: Պետք է արդյունավետ կառավարում իրականացնել: Ես, օրինակ, իրեն խորհուրդ կտայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս Խորհրդարանը չի արտահայտում հասարակական միտքը, չի արտահայտում Հայաստանում հասունացած տնտեսագիտական միտքը: Ընդունած 1500 օրենքից 1300-ը տնտեսագիտական են: Ո՞վ է ձեր էքսպերտը: Գիծը ո՞րն է»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը:
Նախկին վարչապետը տեսնում է, որ այս ամենը կտանի նրան, որ մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը կկորցնենք, քանի որ, իր խորին համոզմամբ՝ երկիրն այսօր բավականաչափ պրոֆեսիոնալիզմով չի ղեկավարվում:
«Այս մակարդակի կառավարումը ոչ մի լավ բանի չի կարող բերել: Վերջին հաշվով, ամեն անգամ մեզ կոտորում են, ասում ենք՝ հակառակորդն էր մեղավոր: Մի անգամ ասելո՞ւ ենք, որ մենք ենք մեղավոր: Ամեն անգամ կանգնում ենք դժբախտության առաջ: Մեր պատմության մեջ մեր ազգի գլխին ինչ եկել է, դրանում նախ և առաջ՝ մենք ենք մեղավոր, երկրորդը նոր՝ թշնամին»,- եզրակացրեց Հրանտ Բագրատյանը:
Խոսելով Հայաստան-Արցախ սրացումների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Վիտալի Բալասանյանին իր ընկերն է համարում, բայց պիտի ասի, որ ոչ Հայաստանից, և ոչ էլ Արցախից հնչող այդ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն բերելու:
«Ոչ էլ այն երիտասարդը, որը Գյումրիում Արցախի նախագահին դիմեց՝ մարզպետ: Նրան պետք է անմիջապես կալանքի վերցնեին: Դա դիտավորություն էր, և նրան պետք էր պատժել: Բայց գալով Վիտալի Բալասանյանին, թեպետ ես էլ եմ կարծում, որ ամբողջ թուրքական ու ադրբեջանական լրտեսական ցանցը լցվել է Հայաստան, բայց, այնուամենայնիվ, պետք չէ այդպիսի հայտարարություններ անել, քանի որ Վիտալի Բալասանյանի պատասխանատվության աստիճանն ավելի մեծ է: Պետք է այդ հարցում գնալ ու օգնել կառավարությանը՝ հաղթահարել դա»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ նույնքան սխալ էր ինքը համարում նաև Սասուն Միքայելյանի հայտարարությունը:
Նա բոլորին կոչ արեց մտածել, թե ինչպես կարելի է միասնականացնել Հայաստանն ու Արցախը, քանի որ հնարավոր է համարում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ միայն Արցախում:
«Ես մարգարե չեմ, որ հաստատ ասեմ, բայց 70 տոկոս հավանականությամբ այս պատերազմը ձեռք կտա Հայաստանին, և նույնիսկ Երևանը դա կզգա: Բայց ուզում եմ լավատեսականորեն ավարտել: Հաղթելու ենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը: