Քայլելու հնարավորություն. հայ բժիշկներն ու ինժեներները համատեղ սարք են ստեղծել
Հայ բժիշկներն ու ինժեներները որոշել են սեփական ուժերով ոտքի հանել հենաշարժողական խնդիրներ ունեցողներին: Մասնագետները համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են մի սարք, որն ընկալում է մարդկանց նույնիսկ ամենաթույլ նյարդային ազդակները և դրանք վերածում է իրական շարժումների: Հայաստանում էկզոկմախք ստեղծելու գաղափարը կինեզիոլոգ Դավիթ Արսենյանինն է:
«2016-ին ընկերոջս՝ Պալյան Դավիթի հետ գնացինք հոսպիտալ, տղաներին մեր օգնությունը ցույց տալու, թիմ կազմեցինք, սկսեցինք աշխատել: Որոշների մոտ ստացանք քայլք, անգամ նրանց մոտ, ում ապրելու հույս չէին տալիս, իսկ եթե ապրեին՝ ունենալու էին բույսի կյանք, վեգետատիվ ստատուս, բայց քայլեցին»,- ասաց «Քայլ մեդ» նախագծի հիմնադիր տնօրեն Դավիթ Արսենյանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորներին օգնելուց հետո սկսել են աշխատել 1991 թվականից մինչև օրս վիրավորվածների հետ, բայց հասկացել են, որ վնասվածքները հին են՝ քայլեցնել չեն կարողանա, սակայն չեն հուսահատվել:
«Հասանք մի կետի, որ իրենք չեն քայլելու, պետք էր իրենց սովորեցնել գոնե ինքնուրույնություն, բայց «Քայլ մեդը» կորցնում էր իմաստը: Պետք էր իրենց կանգնեցնել, քայլեցնել, որ իրենք հետագայում չունենան նստակյաց կենսակերպի հետ զարգացող հիվանդություններ: Ստեղծեցինք մի սարք, որ նրանց կօգնի կանգնել, քայլել, ինչպես նաև կփորձի վերականգնել արդեն իսկ կորցրած ֆունկցիաները»,- ասում է նա:
Թե սարքն ինչպե՞ս է աշխատելու՝ Դավիթ Արսենյանը պատկերացրել է միանգամից, սակայն չի հաջողվել այն միայնակ գործարկել: Թիմում ընդգրկվելու հերթը հասել է ծրագրավորողներին, մեխանիկներին և այլ մասնագետների:
Ամռանը թիմին է միացել նաև Պոլիտեխնիկական համալսարանի կառավարման համակարգեր ամբիոնի դոցենտ Ազատուհի Ուլիկյանը. դրվել են ինժեներական խնդիրներ և փորձել են գտնել լուծումներ:
«Այս մոդելն անհատական է լինելու յուրաքանչյուրի համար: Սա մեքենայի պես չէ, որ մի տարբերակ սարքեն, բոլորը կարողանան վարել, սա անհատական է լինելու՝ կախված բժիշկների տված ցուցումներից, հետազոտություններից: Հիմա մենք ուզում ենք լուծել հավասարակշռության խնդիրը, որ մարդը կարողանա, հենակներից օգտվելով, առաջ և հետ հավասարակշռությունը պահի, համապատասխան ազդանշանների միջոցով շարժիչները գործի գցի, ուղղահայաց կանգնի: Հաջորդ քայլը լինելու է այն, որ առանց հենակների կարողանա հավասարակշռությունը պահել՝ օգտվելով ծանրության կենտրոնի տեղաշարժից»,- ասաց Ազատուհի Ուլիկյանը:
Իրենց դասախոսին օգնելու են եկել Պոլիտեխնիկի երկու ուսանողներ՝ Զավեն Խանամիրյանն ու Ռուբեն Ժամակոչյանը: Գաղափարը տղաներին հենց սկզբից է ոգևորել:
«Գաղափարն ինձ ոգևորեց, որովհետև այն անմիջապես պետք է օգներ մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին, պետք է օգներ վերականգնել շարժունակությունը, թույլ տալ լիարժեք մարդ զգալ իրենց: Սա նաև փորձ էր՝ աշխատել սարքերի հետ, որոնց հետ չեմ աշխատել, որոնք նույնիսկ Հայաստանում չկան, դրանք բավականին բարդ և պրոֆեսիոնալ սարքեր են»,- ասաց Զավեն Խանամիրյանը:
Սարքը դեռ չի փորձարկվել, մասնագետներն ասում են՝ որոշակի շտկումներ ունեն անելու: Այն աշխատելու է երկու տարբերակով՝ կա՛մ նախապես գրված ծրագրով, կա՛մ նյարդերից ստացված իմպուլսներով:
Սարքի գինը միջազգային շուկայում սկսվում է 60.000 դոլարից, սակայն էժանագին սարքը, ըստ Դավիթ Արսենյանի, ավելի քիչ գործառույթներ ունի: Որպես երկարաժամկետ նպատակ՝ նրանք նշում են, որ ցանկանում են հասնել նրան, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդը չիպավորման շնորհիվ ինքնուրույն կառավարի իր բոլոր շարժումները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ