«Այսօր թիվ մեկ մեղավորն Արմեն Սարգսյանն է». Գառնիկ Իսագուլյան

«Ես կուզեի ֆիքսել հետևյալը, որ կարմիր գծերի սահմանն անցնում են ոչ թե ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և մյուս մարմինները, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ գործադիր իշխանությունը զավթած մարդը, որն ըստ էության հրահանգում է ԱԱԾ-ին կատարել գործառույթներ, որոնք չեն մտնում նրանց իրավասության ներքո»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ պատասխանելով 168.amի հարցին, թե հասարակության մեջ կարծիքներ կան, որ ՍԴ նախագահի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելով՝ «հատեցին գծեր, որոնք մինչ այդ չէին հատվել»:

Գ. Իսագուլյանը հավելեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Կանգ առ»-ի կոչը ԱԱԾ ամբողջական համակարգի տեսակետն էր:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց. «Հրայր Թովմասյանի պարագայում ինքը հանդիպել է սասունցու և մշեցու թոռան, ով երբեք տուրք չի տալու բոլոր առումներով կիսամարդ ցանկություններին և նրա ցանկություններով հայրենիքը չի վտանգելու: Այն, ինչ ասում է, և այն, ինչ անում է Հրայր Թովմասյանը, դրանք միակ ճանապարհներն են, որ Հայաստանը, Արցախը փրկում են կործանումից»:

Գ. Իսագուլյանը հիշեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ըստ նրա, իրեն վերապահված լիազորությունները չի կարողանում կատարել. «Այսօր թիվ մեկ մեղավորն Արմեն Սարգսյանն է, որն իր անգործությամբ երկիրը մատնել է քաոսի, երկրորդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. ուրիշ մեղավորներ եկեք ման չգանք»:

ԱԱԾ նախկին տնօրենին հիշեց նաև քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը՝ նշելով, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ ինչ-որ մարդկանց 6-րդ վարչությունում ծեծել են՝ Վանեցյանի դեմ ցուցմունք տալու համար. «Այդ կարմիր գծերն անցնում են նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ»:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահին, Մ. Հարությունյանը նկատեց. «Հրայր Թովմասյանն այն բացառիկ տղաներից է, ով իր անձնական շահն առաջ չտարավ: Այսօր պայքարը ոչ թե Նիկոլի և Հրայրի մեջ է, այլ Նիկոլի և ՀՀ սահմանադրականության, ժողովրդավարական և իրավական դեմքի մեջ: Հրայր Թովմասյանը խրամատում կանգնած կռիվ է տալիս մեր ներքին թշնամու դեմ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ձեռնոց են նետում և երբևէ կնետեն ՀՀ Սահմանադրությանը, նրանք մեր պետության ներքին թշնամիներն են»:

Ըստ Մենուա Հարությունյանի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական վենդետա է տեղի ունենում: Նա կոչ արեց այսօր ասուլիսից հետո հավաքվել ԱԱԾ-ի դիմաց՝ նշելով, որ այդ քայլով տեր են կանգնելու ՀՀ պետականությանը. «Նիկոլ Փաշինյան կոչեցյալը մենակ փողոցից է վախենում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս