Չիմացությո՞ւն, թե՞… Փաշինյանի «կոշտ» պատասխանը Ալիևին

Հոկտեմբերի 11-ին և դրան հաջորդող օրերին հայկական մամուլը հեղեղվեց «Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին» վերնագրով հրապարակումներով։ Նույնիսկ նախորդ իշխանության որոշ քաղաքական գործիչներ գովասանքի խոսքեր հնչեցրեցին Փաշինյանի հասցեին։

Խոսքը վերաբերում է Աշգաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Փաշինյանի հնչեցրած պատասխանին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը Գարեգին Նժդեհին անվանել էր ֆաշիստ՝ նշելով, որ Հայաստանում իբր հերոսացվում է ֆաշիզմը։

Պետք է նշել, որ Փաշինյանը Ալիևին պատասխանեց այնքան, որքան որ թույլ տվեցին իր գիտելիքները։ Արդյունքում՝ ստացվեց այն, ինչ ստացվեց։ Փաշինյանը ստիպված եղավ ստանձնել արդարացողի դերը, իսկ արդարանալը, հայտնի է, պարտության նշան է։

Բանն այն է, որ Ադրբեջանին նացիստների հետ կապող շատ փաստեր կան ոչ միայն անցյալում, այլ նաև ժամանակակից Ադրբեջանում։

Կարդացեք նաև

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից կռվել է 100 հազարից ավելի մարդ ունեցող ադրբեջանական լեգեոնը։ Նացիստների կողմն անցած ադրբեջանական լեգեոնը եղել է թվաքանակով երրորդը՝ ռուսական և ուկրաինական լեգեոններից հետո:

Ադրբեջանական լեգեոնների կազմավորման ակտիվ մասնակիցներից մեկն էր Ադրբեջանի Հանրապետության հիմնադիրներից՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն։

Պետական մակարդակով Հեյդար Ալիևը նշեց Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 130-ամյակը, 1000 մանաթ թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը, շրջանառության մեջ են Ռասուլզադեի դիմանկարով դրոշմանիշներ:

Ադրբեջանցի ամենահայտնի նացիստներից է սովետական բանակի մայոր Աբդուռահման Ֆաթալիբեյը, ով հայտնվելով գերության մեջ՝ իր համաձայնությունն է տվել՝ ծառայել նացիստներին: Նա հրամանատարությամբ գործող ադրբեջանական լեգեոնը մասնակից է եղել հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունների: Ֆաթալիբեյն այսօր համարվում է Ադրբեջանի ամենահայտնի հերոսներից մեկը: Ֆաթալիբեյի անունով Ադրբեջանում կան դպրոցներ, իսկ բազմաթիվ գրքերում նա ներկայացվում է՝ որպես Ադրբեջանի հերոս։

Ադրբեջանական լեգեոնն ակտիվորեն մասնակցել է նաև պատժիչ գործողությունների։ Մասնավորապես, Լեհաստանում լեգեոնի զոհ են դարձել տասնյակ-հազարավոր մարդիկ, այդ թվում՝ լեհեր և հրեաներ։

Եթե Փաշինյանն իմանար վերոնշյալ փաստերի մասին, կամ նրան հուշած լինեին, ապա իր խոսքը կվերածվեր Ալիևի դեմ տակտիկական-քարոզչական հաղթանակի։ Այդ ելույթով նաև կարելի էր փոքր քարոզչական ապտակ հասցնել Իսրայելին և Լեհաստանին, որոնք բարեկամական հարաբերություններ են կառուցում իրենց ժողովուրդներին կոտորած և ադրբեջանական նացիստներին հերոսացնող այսօրվա Ադրբեջանի հետ։

Փաշինյանը կարող էր նշել, օրինակ, Ստալինին ուղղված Նժդեհի նամակի մասին, որտեղ վերջինս հույս էր հայտնել, որ Ստալինը չի թերագնահատի և կօգտագործի իր փորձն ու կարողությունները Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում։

Փոխարենը՝ Փաշինյանը, չգիտես ինչու, հիշեց Գուլագում եղած Սոլժենիցինին, որի անունը գնալով ավելի ու ավելի բացասական համբավ է ձեռք բերում Ռուսաստանում, և հաճախ ռուսերենով իր ազգանունը գրում են՝ որպես «СоЛЖЕницин», այսինքն՝ ասոցիացնում են ստի և կեղծիքի հետ։

Ի՞նչ գնահատական տալ այս ամենին. չիմացությո՞ւն, խորհրդականների և պատասխանատու օղակների անգրագիտությո՞ւն, թե՞ …

 Վահե Հայկունի

Տեսանյութեր

Լրահոս