«Փողոցից տղաների կանչեց ու հրահանգեց, որ իմ համակարգիչն անջատեն ու սենյակից դուրս հանեն…». Նորաշենում լարվել են գյուղապետարանի օպերատորի և գյուղապետի ԺՊ-ի հարաբերությունները
Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ, քանի որ վերջինս իրեն աշխատանքից ազատել է այն ժամանակ, երբ գտնվել է արձակուրդում, իսկ իր աշխատանքից ազատվելու լուրն իմացել է համայնքապետարանի պահակից։
Դատական հայցը դատարանն արդեն վարույթ է ընդունել։
Մեզ հետ զրույցում Նորայր Գրիգորյանն ասաց, որ իրենց հետագա գործողությունները լինելու են միայն օրենքի շրջանակներում: Եթե դատարանը որոշի, որ պաշտոնից ապօրինի է հեռացվել, ապա կշարունակի պաշտոնավարել:
Ինչ վերաբերում է Նորաշենում տիրող իրավիճակին՝ Ն. Գրիգորյանը նշեց, որ արտառոց ոչինչ տեղի չի ունենում, չնայած բնակիչները բաժանվել են երկու թևի. մի մասը պահանջում է իր վերադարձը, մյուս մասը կա՛մ չեզոք դիրք է գրավել, կա՛մ սպասում է առաջիկա զարգացումներին։
«Լարվածություն գյուղում չկա»,- շեշտեց նա։
Սակայն մեզ հետ զրույցում համայնքապետարանի աշխատակիցներից մեկը՝ Անուշիկ Աբրահամյանը, ով աշխատում է՝ որպես օպերատոր, նշեց, որ Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը պաշտոնը ստանձնելուց հետո աշխատակազմում լարվածություն է մտցրել։
Ըստ նրա՝ Ա. Հարությունյանն ավելի շատ իր հետ է լարվել և պահանջում է ազատման դիմում գրել։
«Արտակ Հարությունյանն այնպես է արել, որ այժմ ինքս շատ վատ վիճակում եմ գտնվում, երեկ այն աստիճանի է ինձ հասցրել, որ ճնշումս բարձրացել էր, և գիտակցությունս կորցրել էի։ Համայնքապետարանի աշխատակիցներն են ինձ օգնություն ցույց տվել։ Երբ Հարությունյանն առաջին օրով եկավ աշխատանքի, ինձ կանչեց ու ասաց, որ ինձ հետ չի ցանկանում աշխատել, հարցնում եմ՝ ինչո՞ւ պետք է աշխատանքս թողնեմ, պատճառներ չկան, ասում է՝ ոչինչ, պատճառներ կգտնեմ։ Փողոցից տղաների կանչեց ու հրահանգեց, որ իմ համակարգիչն անջատեն ու սենյակից դուրս հանեն, խնդրեցի, որ նման բան չանի, որովհետև համակարգչի մեջ ծրագրեր կային, ասաց, որ դա իր խնդիրը չէ»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա նաև պատմեց, որ Արտակ Հարությունյանն իրեն կանչել է իր մոտ և ասել, որ ազատման դիմումը «բարի նոտայով» գրի ու գնա, սակայն ինքը բացատրել է, որ նման բան չի կարող անել, քանի որ ամուսինը հիվանդ է, երկու որդիները սահման են պահում, և տան միակ աշխատողն ինքն է։
«Այս հաշվեհարդարի պատճառն այն է, որ մասնակցել եմ Արարատի մարզպետի կողմից թույլ տրված անօրինական որոշման դեմ ուղղված բողոքի ակցիաներին։ Բոլորս էլ գիտենք, որ անօրինական որոշմամբ մարզպետը մեր համայնքի նախկին ղեկավարին ազատել է աշխատանքից։ Ես ազատման դիմում չեմ գրելու և աշխատանքից դուրս չեմ գալու, այդ փողի կարիքը շատ ունեմ։ Հարությունյանն ինձ ասում է, թե գնացել է մարզպետարան, ճշտել, որ իմ պաշտոնը հայեցողական է, ուստի երբ ցանկանա, կարող է ինձ աշխատանքից ազատել, ասում է՝ «դաբրո» ունի, ինչ ուզի՝ կանի»,- հավելեց նա։
Մեզ հետ զրույցում Արտակ Հարությունյանը հերքեց, որ նման բան է եղել՝ նշելով, որ Անուշիկ Աբրահամյանը կեղծ լուրեր է տարածում։
«Նա պետք է ամաչի իր իսկ խոսքերից, եթե հիմա շահարկում է զինվորի անունը, դա իրեն պատիվ չի բերում։ Խորհուրդ կտայի, որ ուրիշ բան հնարեր, որպեսզի մարդիկ մի քիչ հավատային։ Նրա հետ միշտ խոսել եմ երրորդ-չորրորդ անձանց ներկայությամբ, թող բերի մարդկանց, որոնք նրա խոսքերը կհաստատեն։ Նա բողոքել է դատախազությանը, գործը գտնվում է հետաքննիչի մոտ, հետաքննությունը թող լինի, բոլորս էլ կիմանանք։ Այս ամենը ապատեղեկատվություն է և հերյուրանք, այլ բան չեմ կարող ասել»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Արարատի մարզպետի հրամանով Նորաշենի համայնքապետը հեռացվել էր պաշտոնից, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել նորաշենցիների շրջանում։
Զվարթ Խաչատրյան