90-ականներին պաշտոնյաների կողմից ձեռք բերված ապօրինի գույքը կբռնագանձե՞ն
Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը Հայաստանի արդարադատության նախարարությունն է:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է, որ այս ձևով փորձում են պաշտպանել պետության շահերը:
«Օրենքում հստակ նշված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է իրականացվել ուսումնասիրության վարույթը, ինչին պետք է հաջորդի հայտադիմումի ներկայացումը համապատասխան դատարան: Այդ հիմքերը հստակ են և կապ ունեն որոշակի արարքների հետ: Այս գործողությունները թեպետ գույքի դեմ են, բայց նախաձեռնման հիմքերը կապված են քաղաքացու որոշակի գործողությունների կամ կարգավիճակի հետ:
Օրինակ՝ անձին մեղադրյալ ներգրավելը հանցավոր խմբավորումներում մասնակցության, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման առնչությամբ, և եթե դրան զուգահեռ՝ առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին կասկածներ: Պաշտոնատար անձանց դեպքում ուսումնասիրություն հնարավոր կլինի նախաձեռնել նաև օպերատիվ հետախուզական տեղեկությունների հիման վրա։ Ուսումնասիրությունը հնարավոր կլինի նախաձեռնել, նույնիսկ, եթե քրեական վարույթի իրականացումն անհնար է որոշակի հանգամանքների պատճառով՝ վաղեմության ժամկետներն անցնելու կամ անձի՝ քրեական պատասխանատվության տարիքի չհասնելու: Օրենքում գույքի բռնագանձման համար որպես նշաձող է սահմանված եկամուտների և ունեցվածքի միջև 50 մլն դրամի տարբերությունը»,- մանրամասնեց փոխնախարարը:
Իսկ այն, որ որպես իրավասու մարմին՝ դատախազությունն է ընտրվել, Սրբուհի Գալյանը նշեց՝ մարմինը պետք է լինի անկախ, սակայն տվյալ դեպքում գործ ունենք օպերատիվ և գաղտնի տեղեկությունների հետ, ուստի Արդարադատության նախարարությունում կարծում են, որ սա պետության գույքային շահերի պաշտպանության դասական օրինակ է:
Միաժամանակ փոխնախարարը վստահեցրեց, որ ապագայում, երբ հստակ լինի ինստիտուտի կայացման փաստը, լիազորությունները կարող են փոխանցվել անկախ գրասենյակներին:
Ինչ վերաբերում է օրենքի նախագծում առկա խնդրահարույց կետերին, Սրբուհի Գալյանը նշեց օրենքի հետադարձ ուժի հնարավորությունը՝ վստահեցնելով, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընտրվել է ուսումնասիրման տասնամյա ժամանակահատվածը, բայց կլինեն նաև բացառություններ՝ մինչև 1991 թվականը:
«Եթե, ինչպես իրավասու մարմնի, այնպես էլ՝ պատասխանողի համար պահպանվել են հնարավոր ապացույցները»,- նշեց փոխնախարարը:
Ընդ որում՝ եթե գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, բայց հետագայում փոխանցվել է բարեխիղճ երրորդ անձանց, դա պատասխանողին չի ազատում համարժեք գույքի բռնագանձումից:
Այս համատեքստում արդարադատության փոխնախարարը հարկ համարեց շեշտել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը չի դառնալու անցումային արդարադատության մի մասը, բայց գործելու է անժամկետ։ Ըստ նրա՝ օրենքի հիմքերը դրվել են նախքան թավշյա հեղափոխությունը, իսկ բուն օրենքը բխում է երկրի միջազգային պարտավորություններից։ Ակնկալվող արդյունքների մասին, սակայն, հաշվարկներ չկան:
Հարցին՝ ի՞նչ անել անօրինական վաստակած «առաջին միլիոն» օրինական եկամտի դեպքում՝ Գալյանը պատասխանեց. «Մենք ելնում ենք այն բանից, որ, եթե առաջին միլիոնը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, կապիտալի հաջորդող մեծացումը նույնպես եղել է անօրինական, և ամբողջ ունեցվածքը ենթակա է բռնագանձման»:
168.am-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք օրենքի նախագծում չկա՞ն քաղաքական ռիսկեր, նշեց, որ նման ռիսկեր չի տեսնում:
«Ամեն ինչ օրենքով կարգավորված է հստակ՝ գործիքակազմը, դեպքերը, թե երբ կարող են ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձել: Մենք այսօր շատ լավ գիտենք, որ մեր հանրապետությունում կան բազմաթիվ մեծ արժեք ունեցող, ապօրինի ծագում ունեցող գույքեր: Եթե օրենքն ուղղված է նշված գույքերը բռնագանձելուն, պետք չի այստեղ քաղաքական տարրեր գտնել»,- ընդգծեց նա:
Մեր լրացմանը, թե՝ ինչպես պիտի բռնագանձեն 1990-ականներին ձեռք բերված ապօրինի գույքն այս կամ այն պաշտոնյայի կողմից, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց. «Թե ինչպես է դա ապացուցվելու, ընթացակարգային խնդիր է: Վերադառնալով քաղաքական ռիսկերին՝ գաղտնիք չէ, որ մեր երկրում այնպես է ստացվել, որ ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերերի իրական շահառուները կամա թե ակամա առնչություն են ունեցել քաղաքականության հետ:
Հետևաբար՝ այս գործի ընթացքում ասել, թե քաղաքական շահ չկա կամ կա, խիստ սուբյեկտիվ կլինի: Իմ կարծիքով՝ եթե օրենքով նախատեսված բավարար հիմքերի առկայության պայմաններում գույքը բռնագանձվում է՝ չկարևորելով անձը, այստեղ խիստ սուբյեկտիվ է և անհատական մեկնաբանման արդյունք՝ կապված քաղաքական շահի հետ: Եթե նախկին ցանկացած գործչի ապօրինի գույքը բռնագանձեն, ես այստեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Հակված չեմ այսպես նայելու, թե այս անձն է, դրա համար բռնագանձեցին»:
Մարիամ Պետրոսյան