«Լուռ ու համր են դարձել, մի քանիսն էլ դատապարտում են, բայց գործնական ոչինչ չկա». Քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատան առջև

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն ակցիա իրականացրեցին՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների մասին:

ՀՀ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ դատապարտում են նաև ԱՄՆ ղեկավարության հետքայլը.

«Մենք դատապարտում ենք նաև ԱՄՆ-ին, որ հովանավոր էր կանգնել քրդերին և հորդորում էր առաջ շարժվել՝ իսլամիստների դեմ կռվելու, և այսօր նրանց թողեցին մենակ թուրքական իշխանության արյունաբեր թնդանոթների առաջ»:

Կ.Հասանովը դատապարտեց նաև գերտրություններին և կոչ արեց միջազգային հանրությանը՝ բռնել  թուրքերի «մարդասպան ձեռքը». «Լուռ ու համր են դարձել, մի քանիսն էլ դատապարտում են, բայց գործնական ոչինչ չկա»:

Նրա  խոսքով՝ այս օրերին Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունները 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կրկնությունն է:

Ի աջակցություն քուրդ ժողովրդի՝ բողոքի ցույցին ներկա հայերը նույնպես հիշեցին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը՝ նշելով, որ թուրքը չի փոխվել:

«Արամ Աշխարհակալ» հ/կ հիմնադիր նախագահ Վանյա Հակոբյանն էլ նշեց, որ պահանջում է ԱՄՆ-ից՝ որպես գերտերության՝ զսպել Թուրքիային. «Իմ պահանջն է, որ ԱՄՆ-ը՝ որպես գերտերություն, Թրամփի գլխավորությամբ զսպի Թուրքիային, որ չլկտիանա. սանձազերծված կոտորած է. 21-րդ դարի խայտառակությունն է»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Գործողության նպատակն է, ըստ թուրքական աղբյուրների՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղել քուրդ աշխարհազորայիններին և ստեղծել «անվտանգության գոտի»:

Գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Միջազգային, այդ թվում և՝ քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս