«Այս որոշումը մեր ազգային պետականության շահերին չի համապատասխանում. այդպիսի առաջարկի հեղինակները մոլորության մեջ են»

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ բուհն ինքը կորոշի` ներառե՞լ հայոց լեզու և հայ պատմություն առարկաները, թե՞ ոչ: Որովհետև, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանակակից սկզբունքին:

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Սամվել Կարաբեկյանը գրել է. «Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում։ Այն թեժ քննարկումների առարկա էր դեռևս նախորդ իշխանության ժամանակ շրջանառվող օրինագծի տարբերակում»:

Նա նաև նշել է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ «Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարևորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է»,- գրել է նա:

ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի, արդեն իսկ բացասական գնահատականների է արժանացել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այն դեպքում, երբ բուհի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է, և  որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։ Սա այլևս ծիծաղելի չի, և այս մոտեցման հետևանքներն արդեն իսկ հասկանալի և կանխատեսելի են»:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը նշեց, որ ԵՊՀ-ի դեպքում բացառվում է, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները չդասավանդվեն:

«Հայոց լեզուն և պատմությունը գուցե պետք է դպրոցում այնպես անցնեն, որ բուհերում չանցնեն, երևի արտասահմանյան բուհերից են դա վերցնում, բայց մեզ մոտ հիմա այնքան թույլ է դպրոցում, որ հայոց լեզուն և պատմությունը բուհերում պարտադիր են: ԵՊՀ-ի դեպքում բացառվում է, որ հայոց լեզուն և պատմությունը չդասավանդվեն, դա բացառված է: Մյուս համալսարաններում էլ պետք է լինի, դա անհրաժեշտություն է. մեկն իր պատմությունը, իր արմատները չիմանա՞, ինչի՞ մասին է խոսքը, չիմանա՞՝ որտեղից է եկել և ուր է գնում. եթե պատմությունը չգիտի, ուրեմն՝ չգիտի և ուր է գնում»,- ասաց Գուրգեն Մելիքյանը՝ ընդգծելով՝ օրենքը դեռ չի ընդունվել, որ դրական կամ բացասական գնահատի, բայց այն, որ հայոց լեզուն և պատմությունը պետք է լինեն պարտադիր, նախկին դեկանը վստահ է:

«Ես նույնիսկ գրականության մասին դա կասեմ՝ գրականությունով են մարդիկ դաստիարակվում: Եթե այս բոլորը կոմպլեքս չլինի, հնարավոր չէ առանց այդ երեքի»,- եզրափակեց Գ. Մելիքյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը 168.am-ի հետ զրույցում այդ որոշումը որակեց «իր բնույթով չափազանց վտանգավոր և բոլորովին անհասկանալի նպատակներ հետապնդող»:

Լեզաբանն ընդգծեց. «Այս որոշումից կարելի է եզրակացնել, որ պետությունը հայրենի օջախ և ընտանիք հռչակած ուժերը չեն ըմբռնում փոքր պետություններում, ազգային պետություններում ազգային լեզվի և ազգային պատմության ուսուցման կարևորությունը:

Նախ՝ կանխավ ասեմ, որ և՛ մոսկովյան, և՛ եվրոպական բուհերում իրենց ժողովրդի պատմությունը պարտադիր ենթակա է ուսուցանման: Ինչ վերաբերում է լեզվին, ապա, իհարկե, կա այսպիսի փաստարկ, որ երեխաները դպրոցում սովորում են, բայց պետք է նշել այն, որ բուհերում ուսուցանվող հայոց լեզուն մասնագիտական է. հայոց լեզու՝ իրավաբանների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների և մյուսների համար, և հիմա վաղուց այն վերածվել է խոսքի մշակույթի»:

Նարինե Դիլբարյանը հույս հայտնեց, որ այս որոշումը չի ընդունվի, որովհետև, ըստ նրա՝ ազգային պետականության շահերին չի համապատասխանում. «Սա պարզապես ժամանակավոր թյուրիմացություն է, այդպիսի առաջարկի հեղինակները մոլորության մեջ են՝ կարծելով, թե դպրոցական գիտելիքներն այնքան ամուր են, որ դրանից հետո իրենք ամրակայման և զարգացման կարիք չունեն: Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ չեն կարողանում իրենց հայերեն խոսքը պատշաճ մակարդակով դրսևորել:

Ինքս մի քանի անգամ առաջարկել եմ, որ անգամ պետական պաշտոնյաները, երբ քաղծառայության են անցնում, հայերենի պատշաճ գիտելիքների քննություն հանձնեն: Ինչ վերաբերում է բուհերին, ապա խոսքի մշակույթի ուսուցումը, ոչ թե անցած գիտելիքների կրկնությունը, և հայոց պատմությունը պետք է պարտադիր լինեն: Ես կարծում եմ, որ և՛ համալսարանական, և՛ մնացյալ հայագիտական, մասնագիտական հանրությունը իր դիրքորոշումը կդրսևորի»:

Տեսանյութեր

Լրահոս