Շուրջ 80 մարդ է տուժել Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքների ընթացքում. El Pais
Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետեւանքով: Այդ մասին հայտնել է El Pais թերթը:
Նրա տեղեկատվության համաձայն, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ են ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին թերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց է անցկացվել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս հարկ է եղել ուժ կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ: Ստեղծված իրադրության պատճառով չեղարկվել է ավելի քան հարյուր չվերթ:
Բողոքի ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի բոլոր խոշոր քաղաքներում, ինչը բազմիցս ընդհարումների է հանգեցրել ցույցերի մասնակիցների եւ կարգի պահապանների միջեւ: Հաղորդվում է բերման ենթարկված երեք անձի մասին: Ներկայում ընդհատված է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի եւ Ֆիգերասի միջեւ: Անկախության կողմնակիցներն արդեն խոստացել են, որ հոկտեմբերի 15-ին շարունակելու են բողոքները: Իսպանիայի Գերագույն դատարանը հոկտեմբերի 14-ին դատավճիռ է կայացրել Կատալոնիայի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մասնակից են անկախության հանրաքվեի կազմակերպմանը, նրանց դատապարտել են մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղորդել է ՏԱՍՍ-ը: