Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին եւ ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանգիր է ստորագրել, որը միտված է հասնելու այն բանին, որ Թուրքիան դադարեցնի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ համաձայնի կրակի անհապաղ դադարեցմանը: Հրամանագիրը ֆինանսների նախարարությանը եւ Պետդեպին իրավունք է տալիս պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ֆիզիկական անձանց ու կառույցների դեմ…, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնք սպառնալիք են ներկայացնում քաղաքացիների համար կամ խախտում են խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում»,- նշել է Փոմպեոն հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը:

Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ գոտու ստեղծումն է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել  է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս