«Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել». փաստաբան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթներ առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքից հեռացրել էր մարզի Նորաշեն համայնքի ընտրված ղեկավար Նորայր Գրիգորյանին:
Օրեր շարունակ Նորաշենում և Արարատի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո նորաշենցիները իրենց բողոքը շարունակեցին արտահայտել արդեն Կառավարության մոտ: Նրանք պահանջում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից՝ իջնել և լսել իրենց բողոքը:
«Ապօրինաբար դադարեցվել են Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները՝ առանց տրամադրելու համայնքին ավագանու որոշումը, առանց տրամադրելու փաստաթուղթ, թե ինչպե՞ս է այդ նիստը կայացել, քանի՞ հոգի են մասնակցել այդ նիստին: Գարիկ Սարգսյանն ասում է՝ ավագանին ինձ տրամադրել է արձանագրություն, ես էլ տրամադրել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, նախարարն էլ դադարեցրել է լիազորությունները: Հիմա հարց է առաջանում, ախր, Գարիկ ջան, բացի բաջանաղին, մորքուրի հարսին գործի տեղավորելուց, առավել՝ դու ունես պարտականություն՝ պահել օրենքը: Ի՞նչ արձանագրության մասին է խոսքը, եթե այդ նիստը չի կայացել: Գնացել, դաշտում զրույց են արել գյուղի խնդիրների մասին, հետո չորս հոգով արձանագրություն են կազմել, որի հիման վրա դադարեցվել են համայնքի ղեկավարի լիազորությունները»,- նշում էին ակցիայի մասնակիցները:
168.am-ի հետ զրույցում Նորաշեն համայնքի արդեն նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրենց կողմից Վարչական դատարան վիճարկման հայց է ներկայացվել:
«Ըստ այդ հայցի՝ մենք պահանջել ենք ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ 10.09.2019թ. արձանագրությունն անվավեր ճանաչելու և, որպես ածանցյալ պահանջ՝ Արարատի մարզպետի՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թիվ ՆԿ-220-219 կարգադրությունը վերացնելու պահանջների մասին»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նա նշեց, որ այս հայցադիմումը 10.10.2019թ. ընդունվել է վարույթ, իսկ սա նշանակում է, որ վիճարկման հայցը վարույթ ընդունվելու պայմաններում «Վարչական դատավարության» օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի՝ օրնական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ վերականգնվում է նախկին վիճակը:
«Դրանով պայմանավորված՝ մենք գրություն ենք ուղարկել Արարատի մարզպետին իր՝ իմ կողմից նշված կարգադրությունը վերացնելու պահանջով, մինչ կլինի վերջնական դատական ակտ: Սա նշանակում է, որ օրենքի ուժով պետք է վերականգնվի նախկին վիճակը, և Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը»,- եզրափակեց փաստաբանը:
Գոհար Սավզյան