«Հայ-վրացական հարաբերություններում կոնկրետ արդյունքների կարիք կա». Գելա Վասաձե

168.am-ի զրուցակիցն է Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի հեղինակավոր վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեն:

– Պարոն Վասաձե, Վրաստանի նորանշանակ վարչապետ Գեորգի Գախարիան կատարեց իր առաջին օտարերկրյա այցը Ադրբեջան հոկտեմբերի 9-ին, որին հաջորդելու են նրա այցերը Հայաստան՝ մյուս շաբաթ Թուրքիա՝ այս ամսվա վերջին: Ինչպե՞ս եք գնահատում Գախարիայի առաջին այցը, ադրբեջանական օրակարգը, այդ թվում՝ բանակցությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ:

– Չնայած Գախարիայի նկատմամբ իմ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, բայց վերջապես մեր վարչապետն իր օտարերկրյա այցերը սկսում է ոչ թե Բրյուսելից, Վաշինգտոնից, Պեկինից, ինչ-որ ժամանակ առաջ՝ Մոսկվայից, այլ հարևաններից: Անկախ երկրի արտաքին քաղաքական ձգտումներից, նման մոտեցումը ճիշտ է ու լավ, քանի որ հարևանների հետ հարաբերությունները Վրաստանի համար ամենակարևորն են: Բնականաբար, Դավիթ Գարեջիի խնդիրը սրված է, մեծ ուշադրություն կա դրա վրա, սակայն դա վրաց-ադրբեջանական հարաբերությունների գլխավոր խնդիրը չէ:

Գլխավորը տնտեսական հարաբերություններն են, Հարավային Գազայի միջանցքը, համապատասխանաբար՝ Ռուսաստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս տարանցիկ ուղուն, նման ցանկություն է հայտնել Ռուսաստանը, և այդ քննարկումների ժամանակ Վրաստանը բացակայում էր Անկարայից, որտեղ այդ հարցը քննարկվել է: Այդ հարցը չափազանց կարևոր է, վստահաբար այդ հարցը քննարկվել է:

Կարևոր են նաև ղեկավարների միջև անձնական շփումները, հարաբերությունները: Այսինքն՝ եթե կան անձնական լավ հարաբերություններ, ապա լուծվում է ցանկացած հարց, երբ չկան այդ հարաբերությունները, ցանկացած հարց մնում է՝ որպես ծանր լուծվող, դա կարևոր հարց է: Չգիտեմ, թե որքանով դրական հարաբերություններ են ձևավորվել Գախարիայի և Ալիևի միջև, որքանով դրական հարաբերություններ կձևավորվեն Փաշինյանի հետ, սակայն հույս ունենք, որ այդպես կլինի:

Ինչ վերաբերում է Գարեջիին, այդ հարցով հանձնաժողով է աշխատում, եկեղեցու դիրքորոշումը հայտնի է՝ չեն կարող լինել զիջումներ: Բայց ես կարծում եմ, որ ինքնին այդ հարցի կարգավորումը կարող է դառնալ նմանատիպ շատ այլ հարցերի կարգավորման համար մոդել, քանի որ իրականում Կովկասում, Վրաստանում շատ են պատմամշակութային կոթողները, որոնք երկու ազգությունների են պատկանել, շատ են քննարկումները հայկական եկեղեցիների պատկանելության վերաբերյալ: Սակայն իրականում այդ եկեղեցիները եղել են թե հայկական, թե վրացական, քանի որ պատմության մի փուլում դրանք եղել են հայկական, մեկ այլ փուլում՝ վրացական: Ի՞նչ անել այս հարցի հետ:

Պետք է անել այն, որ պատմությունը ոչ թե բաժանի, այլ միավորի: Այս դեպքում հենց սահմանին է այդ կոթողը, և կարելի է ստեղծել մոդել, որով կարելի է լուծել նմանատիպ բոլոր խնդիրները Կովկասում, բայց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի մշակութային ժառանգությունը: Մենք բոլորս, ովքեր Կովկասում ենք ապրում, շատ վաղուց ենք այստեղ, այստեղից ոչ մի ազգ չի հեռացել, ճանապարհներն են տարբեր եղել, լեզուներն ու կրոններն են փոխվել, ուստի 21-րդ դարում այս ամենը պետք է հստակ հասկանալ ու ճիշտ լուծում տալ:

– Նշեցիք, որ Դավիթ Գարեջիի խնդիրը լուծելու համար հանձնաժողով է աշխատում, Վրաստանի վարչապետը Ադրբեջան կատարած այցից հետո այսօր ասել է, որ վաղվանից վրաց հոգևորականները կարող են անարգել մուտք գործել Դավիթ Գարեջի վանական համալիր: Այնուամենայնիվ հասկանում ենք, որ սա ժամանակավոր լուծում է, մինչև կգտնվեն այլ մոդելներ: Խնդրի լուծման ի՞նչ մոդելներ են քննարկվում, ինչպիսի՞ մոդելն է ընդունելի, ըստ Ձեզ, հասարակության համար:

– Ես չեմ կարող ասել, թե պաշտոնապես կողմերն ինչ մոդելներ են քննարկում, քանի որ դրա համար հարկավոր է այնտեղ գտնվել Գախարիայի հետ: Չեմ կարող ասել նաև այն, թե որը վրաց հասարակության համար կլինի ընդունելի, քանի որ վրաց հասարակությունը միատարր չէ: Ես կասեմ, որ կա մոդել, որը կարող է ընդունելի լինել իմ և շատերի համար: Պետք է կիրառվի ընդհանուր պատմամշակութային արգելոցի ստեղծման մոդելը, ի դեպ, իր կրոնական բաղադրիչով, այսինքն՝ քրիստոնեական վանական համալիրը պահպանվում է անպայման, որը կարող է գործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ մեկ այլ պատմամշակութային միջազգային կազմակերպության վերահսկողության ներքո: Նոր ոչինչ չկա, պետք չէ հեծանիվ հայտնաբերել, ևս մեկ անգամ կրկնեմ, որ պետք է լուծվի այս հարցը եվրոպական մոդելի համաձայն:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Վրաստանն այս անգամ հայացքն ուղղում դեպի տարածաշրջան առաջին հերթին: Ի՞նչն է փոխվել:

– Իհարկե, պետք էր մշտապես սկսել այցերը՝ հարևան երկրներ այցեր կատարելով, քանի որ հարաբերությունները հարևանների հետ մշտապես ծայրաստիճան կարևոր են յուրաքանչյուր երկրի, առավել ևս՝ Վրաստանի նման երկրի համար: Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչու պետք է տարածաշրջանից սկսվեն այցերը, չեմ կարող ասել, թե ինչու էր նախկինում այլ տարբերակով դա տեղի ունենում: Դա տրամաբանական է: Երբ բնակարան ես գնում, ապա, իհարկե, առաջինը ծանոթանում ես հարևանների հետ:

– Ի՞նչ սպասել Գախարիայի այցից Երևան: Ինչի՞ կարիք ունեն հայ-վրացական հարաբերությունները ներկայումս:

– Ներկայումս մեր տարածաշրջանում մի մոդայիկ բառ կա՝ սուբստանտիվ: Ես ակնկալում եմ սուբստանտիվ բանակցություններ: Նախորդ վարչապետը բազմիցս հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ ոչ պաշտոնական մթնոլորտում: Դա հիանալի է, լավ է, բայց ցանկություն կա տեսնել կոնկրետ արդյունքներ, ցանկալի է, որպեսզի այդ արդյունքներն անդրադառնան առևտրաշրջանառության ծավալների վրա, կա կոնկրետ պրոյեկտ, իրականացվի այդ պրոյեկտը: Հայ-վրացական հարաբերություններում շատ հարցեր կան, որոնք կարիք ունեն շատ կոնկրետ, կետային լուծումների:

Հույս ունենանք, որ կսկսեն լուծել այս հարցերը, որոնք թույլ կտան զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև՝ բարձրացնելով նոր մակարդակի: Ես ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ ևս ասում էի, բոլորը մշտապես խոսում են այն մասին, թե որքան լավ ենք մենք միմյանց վերաբերվում, դա լավ է, բայց խոսելը քիչ է, գործել է պետք:

Տեսանյութեր

Լրահոս