«Ես աշխատում եմ, որ այս աշխարհն իմ փոքրիկ աղջկա համար մի քիչ ավելի լավը դարձնեմ». Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարար, միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի (Alexis Ohanian) ելույթը Հայաստանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019).
«Անչափ հպարտ եմ հիմա Հայաստանում լինելու ու այս միջոցառմանը մասնակցելու համար։ Ուզում եմ խոսքս սկսել Նիկոլա Տեսլայի մասին խոսելով։ Իլոն Մասկի շնորհիվ այսօր այդ անունը հայտնի է շատերին։ 1925 թվականին Տեսլան խոսում էր այնպիսի բաների մասին, որն այդ օրերին զարմանալի էր, անհավատալի, իսկ այսօր՝ մեր կյանքի մի մասն է։ Ես հիշում եմ 2010 թվականին իմ առաջին այցը Հայաստան։ Այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Հիմա մենք բոլորս ունենք համակարգիչ, հեռախոս, որը կարող ենք պահել մեր բաճկոնի գրպանում։
Մենք այսօր մեր գաղափարների մասին աշխարհին պատմելու հնարավորություն ունենք։ Բայց այսօր Հայաստանի նման երկրների համար, որն ունի իրեն մարտահրավերներ նետող հարևաններ, որն ունի շատ քիչ բնական ռեսուրսներ, փոքր տարածք, բայց որն այսօր ունի իսկապես հիանալի հնարավորություն, որովհետև մարդկային տաղանդը, որն այս երկրում է, կարող է և շատ կարևոր է դառնալ համաշխարհային ուղեղի մի մասը։ Ահա թե ինչու ես դիմում եմ բոլորիդ, որ քաջալերեք երիտասարդ տղաներին ու աղջիկներին, որ գնան դեպի ծրագրավորումը։ Ես հիշում եմ 2010-ին իմ այցը «Թումո» կենտրոն։ Ու հիմա, տարիներ հետո ես «Թումո»-ում տեսնում եմ ողջամիտ հայկական գաղափարներ, որոնք համաշխարհային գործիքներով առաջ գնալու բոլոր ճանապարհները գիտեն։ Ես գիտեմ՝ նրանք այս համաշխարհային ուղեղում կգտնեն իրենց տեղը։ Ու ինձ ուրախացնում է նաև այն, որ այսօր շատ-շատ հայեր ուզում են հենց այստեղ աշխատել, որովհետև գիտեն, որ տաղանդն այստեղ է։
Նրանք բացում են գրասենյակներ, ծառայություններ են մատուցում։ Երեկ ես տեսա, թե որքան է ամեն ինչ փոխվել, ու ուրախ եմ, որ այսօր գործատուին հետաքրքրում է նաև իր աշխատողի կրթությունը։ Ես շատ հուզված եմ, որովհետև մտածում եմ բոլոր հնարավորությունների մասին, որոնք ես անպայման պետք է ունենամ։ Ես դեռ հիշում եմ իմ պապիկի պատմությունները։ Նա դեռ շարունակում է պատմել իր ծնողների ճանապարհորդության պատմությունը։ Այն, որ նրանք տեսել են Ցեղասպանությունը, և թե ինչ հնարավորություն են ունեցել։ Այդ պատմությունները ինձ հետ են եղել, մանավանդ, երբ Միացյալ Նահանգներում ներգաղթած փախստականների էի տեսնում։ Ես չէի կարողանում չմտածել, որ որոշ փախստականներ, որոնք Սիրիայից էին կամ աշխարհի այլ մասից, հիմա հնարավորություններ ունեն։ Եվ հենց այդպիսի հնարավորությունների շնորհիվ է, որ շատ սերունդներ հետո դառնում են ծրագրավորողներ։ Ու այն, ինչ հիմա ես ունեմ, չէր լինի, եթե իմ մեծ պապիկին հնարավորություն չտրվեր։
Ընտրեք այնպիսի աշխատանք, այնպիսի մասնագիտություն, որը ձեզնից պահանջում է կրեատիվ լինել
Հենց այստեղ մենք կառուցում ենք վաղվա ապագան։ Ապագայի աշխատանքը ռոբոտներինն է լինելու։ Հարցը սպիտակ կամ կապույտ գույնի մեջ չէ, հարցն այն է, թե ինչպես այն կաշխատի, որքան կրեատիվ այն կկարողանա լինել։ Ես երկար մտածել եմ, որ մենք՝ մարդիկ, ինչ-որ աշխատանք անում ենք ավելի լավ, ու կանենք շատ ավելի լավ, քան ռոբոտները։ Աշխատանքի ավելի կրեատիվ, ավելի ազդեցիկ, ավելի դինամիկ մասը մարդիկ ավելի լավ են կարողանալու անել։ Ու ուզում եմ ասել, որ ընտրեք այնպիսի աշխատանք, այնպիսի մասնագիտություն, որը ձեզնից պահանջում է կրեատիվ լինել։ Քույրս բուժքույր է, ու նա հաստատ հետո էլ աշխատանք կունենա, որովհետև չկա ու չի լինի մի ռոբոտ, որը կկարողանա նրա աշխատանքն անել։ Այն աշխատանքը, որը բուժքույրերն են անում, շատ պատասխանատու է։ Այդ գործում էլ տեխնոլոգիան ինչ-որ տեղ կունենա, բայց մարդու աշխատանքն անել չի կարողանա։
Ու եթե դուք մտածում եք ձեր ապագայի, վաղվա մասին, նայեք այս համաշխարհային ուղեղին։ Ես կարծում եմ, որ արվեստն էլ այդ գործերից է։ Եվ այո, ես գիտեմ, որ արհեստական բանականության ստեղծած շատ երաժշտություններ կան, բայց ես իսկապես մտածում եմ, որ նոր հնարավորություններ են լինելու կրեատիվ, ստեղծարար աշխատանքի համար։ Լինելու են անչափ շատ հնարավորություններ։
Փողը փոխվելու է։ Փողի փոխարեն՝ գալու են կրիպտոարժույթները
Փողը, ինչպես գիտեք, փոխվելու է։ Փողի փոխարեն՝ գալու են կրիպտոարժույթները։ Բլոքչեյնը լինելու է այդ տեխնոլոգիաների հիմնական մասը։ Դա այն է, ինչ վաղը գալու է։
Ես կարծում եմ՝ իսկապես հիանալի բաներ են լինելու։ Ես աշխատում եմ, որ այս աշխարհն իմ փոքրիկ աղջկա համար մի քիչ ավելի լավը դարձնեմ, որովհետև ես պատասխատու եմ, ու հնարավորություն ունեմ ամեն ինչ բարելավելու։ Ու իմ անձնական կարծիքն է, որ աշխարհն ավելի լավը դարձնելու ձևն ավելի շատ մարդկանց այս գործիքներին տիրապետելու ավելի լայն հնարավորություններ տալն է։ Իրականությունը նոր գաղափարներով է բարելավվում ու ավելի լավը դառնում։ Ու այս երկիրն ունի մի այնպիսի պատմություն, որ կարող է պատմել աշխարհին։ Շատ հայեր, որոնք շրջել են ողջ աշխարհով, այսօր այստեղ են այս երկիրը բարելավելու համար։ Ես ուզում եմ խոնարհվել, որ այստեղ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է սրա մի մասնիկը լինելը։ Իմ մանկության տարիներին ես Հայաստանի մասին քիչ բան գիտեի, քիչ էի խոսում ու հասկանում հայերեն։ Հայրիկիս ծնողները տանը խոսում էին իրենց գաղտնի լեզվով։ Ու ես զգում էի հայ մշակույթին ծանոթանալու մեծ կարիք։ Ես կարծում եմ՝ երբեք ինձ ավելի հայ չեմ զգալու, քան հիմա։ Այստեղ աշխարհի ամենահյուրասեր մարդիկ են։ Ու ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս բոլոր հնարավորություններով այս երկիրը կշարունակի գրկել մեզ բոլորիս, այն մարդկանց, ովքեր երբևէ իրենց բավական հայ չեն զգացել։
Ես կարող եմ շախմատի հայ ուսուցիչ գտնել, ով աղջկաս հայերեն շախմատ կսովորեցնի։
Խնդրում եմ՝ թույլ տվեք, որ Նիկոլա Տեսլայի ասած այս աշխարհը չկորչի ձեր մեջ
Մենք հատուկ մարդիկ ենք, ու սա իսկապես հատուկ պահ է մեզ համար շատ ընկերներ գտնելու համար, ավելի ուժեղ լինելու համար։ Հարցրեք ինձ Հայաստանի մասին, տարվեք Հայաստանով։ Ես միշտ եմ ուզում Հայաստան գալ, բայց այս անգամ ես իսկապես պետք է այստեղ լինեի ու պետք է այս ամենի մի մասը լինեի։ Այնպես որ, ես կշարունակեմ բարի դեսպան լինել Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև, բայց խնդրում եմ՝ թույլ տվեք, որ Նիկոլա Տեսլայի ասած այս աշխարհը չկորչի ձեր մեջ, ու այս հնարավորությունը այս ազգի համար շատ կարևոր է։ Ու ավելի լավ ժամանակ չի գալու, որովհետև հիմա հեղափոխական շատ հնարավորություններ կան, քան երբևէ։ Վերջում ուզում եմ ասել, որ դուք եք ամեն ինչ հնարավոր դարձնում։ Ես իսկապես հավատում եմ, որ այս հնարավորությունը այս երկրին կօգնի համաշխարհային ուղեղում իր տեղն ունենալ։ Ես շարունակելու եմ այցելել Հայաստան, ես շարունակելու եմ հետ գալ ու ամեն անգամ նոր փոփոխություն եմ տեսնելու։ Հպարտ եմ, որ այստեղ եմ։ Շնորհակալ եմ»։
Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք:
2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը:
Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը: