Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Փաշինյանը, ինչո՞ւ նահանջեց
Հայկական տեղեկատվական ու սոցիալական մեդիան այսօր տառացիորեն փոթորկվեց լուրով, որ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
«Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին»,- գրված էր կայքի հրապարակման մեջ:
Լուրը, սակայն, մոտ 1-1.5 ժամ անորոշ ու ըստ էության չհերքված մնալուց հետո սկսեց հերքվել աստիճանական կարգով՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, ով բավական երկար դադարից հետո ասաց, թե այդ ամենը անհեթեթ լուրեր են, վերջացրած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանով ու վարչապետի ու պաշտպանական գերատեսչության լրատվության պատասխանատուներով:
Ընդ որում, վարչապետի հերքող խոսքից հետո մինչ այդ հեռախոսազանգերին չպատասխանող կամ դրանք անջատող խոսնակները սկսեցին լույսի արագությամբ հերքել լուրը:
Ուշագրավ է, որ առավոտյան, երբ դեռ լուրը նոր էր տարածվել, այն չհերքեցին ոչ նախագահականից, ոչ էլ ՊՆ-ից:
168.am-ը նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից փորձել էր պարզել՝ արդյոք ստացե՞լ են Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմումը, և եթե այո՝ այն ե՞րբ կստորագրվի նախագահի կողմից։
«Այս պահի դրությամբ նախագահի աշխատակազմում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմում առկա չէ»,- ասել էր նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։ Տպավորություն էր՝ ասես բոլորը սպասում էին վարչապետի կամ առնվազն նրա խոսնակի պատասխանին։
Ի՞նչ կատարվեց
Ակնհայտ է, որ նման լուրերն օդից չեն վերցվում, և լրատվական կայքն իսկապես հավաստի աղբյուրներ է ունեցել նման լուր հրապարակելու համար, ինչը, ըստ էության, ապացուցեցին նաև լուրին հետևած 1-2 ժամերի իրադարձությունները:
Ամիսներ շարունակ մամուլում հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունների մասով։ Օսիպյանը պաշտոնանկ արվեց ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցրեց հաշված օրեր։ Վանեցյանը, հավանաբար զգալով՝ առաջ ընկավ և ինքը հրաժարական ներկայացրեց։ Մամուլի այդ լուրերը հաստատվեցին։ Սպասվում էր Տոնոյանի պաշտոնանկությունը։ Պարզ է, որ առնվազն Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշում կամ խիստ առարկայական ցանկություն Փաշինյանի մոտ եղել է: Ուրեմն ի՞նչը ստիպեց նրան նահանջել՝ ձեռքի հետ էլ հընթացս նաև իրենց համար որոշակի հարցեր լուծելով:
Խոսքը մամուլի վրա հարձակման հերթական փորձի մասին է, և իշխանական մանր ու մեծ շերտեր պահը բաց չթողեցին «ֆաս» հրահանգով հարձակվել irakanum.am-ի վրա (ինչպես նաև նրանց այդ լուրը տարածող ԶԼՄ-ների վրա)՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի տնօրեն Պետրոս Ղազարյանի գրչով ձվեր նետելու պրակտիկայի շարունակական գովազդումից՝ մինչև Էջմիածնի քաղաքապետ տիկնոջ գրառում:
««Հայրենասերներ» ջան, գոնե ՊՆ-ի նման կարևորագույն կառույցի դեպքում սենց բաներ մի՛ արեք, չի՛ կարելի». սա էլ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դասն է:
«Հիմա էս «լրատվամիջոցի» դռանը եթե մի ձվով խփես, որ իր պատվիրատուի կոնյունկտուրային բանակը չխառնի՝ մամուլի ճնշում կլինի՞»,- սա, ի դեպ, լրատվամիջոցի ներկայացուցչի՝ Պետրոս Ղազարյանի գրառումն է: Մասնագիտական էթիկա, լրագրողական համերաշխություն և նման այլ հասկացություններ երևի թե արդեն տեղ չունեն վերջինիս մտապատկերում, և նա փաստորեն հաջողությամբ մոռացել է, թե ինչպես լրագրողական համայնքը կանգնեց իր թիկունքին այն ժամանակ, երբ նա իր գործատուի հետ, մեղմ ասած, խնդիրներ ուներ:
Այս պահին զերծ կմնանք տարատեսակ գրառումների տակ շարունակվող «խրախճանքներից» քաղվածքներ հրապարակելուց:
Ինչո՞ւ չստացվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնքան ընդունված ու սիրված է հասարակության կողմից, որքան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որից շատ արագորեն իշխանական կուրատորներն ու ֆեյքերի բանակն «ազգի դավաճան» կերտելու անհաջող փորձ արեցին, և ակնհայտ էր, որ հաջողելու դեպքում նույնը կկիրառվեր նաև Դավիթ Տոնոյանի նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում արված հարցումների՝ քաղաքացիները հատկապես բարձր էին գնահատել կառավարության այդ երկու անդամների աշխատանքը։ 1-5 բալային սանդղակով, ամենաբարձր միջինացված գնահատականները ստացել էին ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` 4.2 բալ: Ըստ նույն ընկերության՝ Փաշինյանի ռեյտինգը 10 տոկոսով նվազել էր։ Փաշինյանին խիստ մտահոգել էր նրանց բարձր վարկանիշը, և ամեն ինչ պետք է աներ նրանցից ազատվելու համար։ «Մութ ամպերը» Վանեցյանի և Տոնոյանի շուրջ վաղուց էին սկսել կուտակվել։ Ավելին, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանի համար ժամանակ առ ժամանակ վարկանիշի ստուգում է արվում, և նրա վարկանիշի անկումը իշխող թիմի շրջանում խիստ մտահոգություն է առաջացնում։
Ակնհայտ է, որ Դավիթ Տոնոյանը, լինելով ՊՆ-ի հնաբնակներից, իր գործի գիտակ ու մարդկային հարաբերություններում բավականին ընկալելի մարդ, խիստ ընդունված է նախարարության աշխատակիցների, և, որն ամենակարևորն է, գեներալիտետի կողմից, և չի բացառվում, որ այն ժամանակահատվածում, երբ հասարակությունն ու մեդիան անորոշության մեջ էին պահվում, ներսում եռում էին պրոցեսներ, որոնց արդյունքների մասին իր խողովակներով տեղեկանալով՝ վարչապետը բոլորովին էլ հիացած չի մնացել:
Պետք է նշել, որ բացի ներհայաստանյան ընկալումներից, Դավիթ Տոնոյանը հաջողությամբ աշխատում էր արևմտյան, եվրոպական կառույցների (չմոռանանք, որ մինչ փոխնախարար լինելը և երկար տարիներ աշխատելով՝ որպես նախարարի տեղակալ, նա հենց այդ բլոկն էր համակարգում՝ հաջողությամբ աշխատելով, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի հետ), ինչպես նաև՝ որպես ՊՆ նախարար՝ Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի՝ Սերգեյ Շոյգուի հետ:
Բացի դրանից, իր պաշտոնավարման ընթացքում Դավիթ Տոնոյանի կողմից որևէ սկանդալ, բացթողում, արտառոց կիքս չի նկատվել, և երևի թե շատ արագ հպարտ քաղաքացիների համար նրա պաշտոնանկության պատճառն ու սցենարը գրելու խնդիր իշխանությունները նույնպես ունեցել են:
Եվ իսկապես, ինչպես փաստաբան Երվանդ Վարոսյանն է ասում, «Ո՞ւմ կարող էր հիմա պետք գալ Տոնոյանի ազատման մասին լուրի վերաբերյալ հասարակական արձագանքի ստուգումն ու ինչո՞ւ»:
Որպես վերջաբան
Նիկոլ Փաշինյանն իր որոշումից, իհարկե, հենց այնպես չի հրաժարվի, և հիմա, թերևս, ակնկալելի է, որ ժանրի կանոններով իշխանական ողջ վերնախավն ու նրանց ձեռնածուները լծվեն Դավիթ Տոնոյանին սևացնելու բարդ գործին:
Դավիթ Տոնոյանին չներվեց, փաստորեն, ոչ գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին անհանգստություն հայտնելու նրա հայտարարությունը, ոչ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները, ըստ էության, առոչինչ համարելը, և ոչ էլ Արթուր Վանեցյանից չհրաժարվելը:
Դավիթ Տոնոյանը, այս իշխանությունների ընկալմամբ՝ իրենց հետ գնալու ճանապարհ չունի, և նրանց պետք է նախարար, ով և Մարտի 1-ով, և ապրիլյան պատերազմով կթելի իշխանությունների թելը: Նման կարծիք արտահայտեց, ի դեպ, կառավարության մեր աղբյուրը։
Բնականաբար, Դավիթ Տոնոյանն այդ դերի համար իր ապրած կյանքով ու կենսագրությամբ բոլորովին հարմար չէր, ու վերջինիս պաշտոնավարումը, թերևս, ժամանակի հարց է: