«Կան քաղաքական հայտարարությունների չգրված կանոններ, որոնք եթե խախտվում են, կարող են ազդել հանդուրժողականության մթնոլորտի վրա». Արցախի ՄԻՊ

Սեպտեմբեր 29-ից հոկտեմբեր 3-ն Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը եղել է Ստրասբուրգում և ՀՀ ԱԺ պատվիրակության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մասնակցել է միջոցառումների և հանդիպումներ ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր շրջանակների ու պաշտոնյաների հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով այցի արդյունքները՝ նա նշեց, որ այցի գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշպանության և այդ տարածքների միջազգային ընդգրկվածության հարցեր քննարկելն էր:

Իր ելույթից նա մի քանի շեշտադրումներ առանձնացրեց, մասնավորապես՝ նշելով, որ խոսել է այն մասին, որ չնայած բազմաթիվ հռչակագրերին, միջազգային փաստաթղթերի դրույթներին՝ իրականում իրականում չճանաչված պետությունների բնակիչները  մեկուսացած են  միջազգային հանրությունից.

«Մեկուսացած են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին մուտք ունենալուց և նաև միջազգային ծրագրերում ընդգրկված լինելու հնարավորությունից»:

Արցախի ՄԻՊ-ն իր խոսքում նկատեց, սակայն, որ Արցախի պարագայում  ձեռքբերումներ կան. «Մենք բավականին շատ հաջողություններ ունենք՝ շնորհիվ և՛ մեր ներսի ներուժի, և՛ ՀՀ աջակցության, և՛ պետական, և՛ քաղաքացիական հասարակության, բայց սա բավարար չէ. կարող էր ավելի լավ վիճակ լինել միջազգային ծրագրերում ընդգրկվածության շնորհիվ»:

168.am-ի հարցին, թե որ ժամանակաշրջանի համեմատությամբ են այդ ձեռքբերումները, և կոնկրետ ինչ ձեռքբերումներ են դրանք՝ Ա. Բեգլարյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում էր 91 թվականից սկսած՝ մինչ օրս: Ես ամբողջությամբ չեմ կարող ներկայացնել բոլոր ձեռքբերումները, բայց բոլորիդ աչքի առջև է առաջընթացը: Տարիների ընթացքում պետական ինստիտուտներ են ստեղծվել, կայացել, գործընթացներ են ընթացել՝ դրական միտումով:

Ինձ համար շատ կարևոր է, որ անցնենք ինստիտուցիոնալ զարգացման-կայացման հաջորդ փուլը, որտեղ շատ կարևոր է լինելու միջազգային փորձի փոխանակումը և կարողությունների զարգացումը տեղում»:

Արտակ Բեգլարյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի երկու հայտարարությունները՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, մասնավորապես հաշվի առնելով առաջին հայտարարության մասին հնչող որակումները, թե նման հայտարարությունները վտանգավոր են և փոխում են կոնֆլիկտի էությունը:

Ա. Բեգլարյանը թեև նշեց, որ չի մեկնաբանում քաղաքական հայտարարություններ, քանի որ իր մանդատը մարդու իրավունքների տեսանկյունից հարցերին նայելն է, այդուհանդերձ նշեց.

«Բայց բոլոր հայերի համար էլ Արցախը Հայաստան է, և դա նորություն չէ՝ 88 թվականից ի վեր Արցախյան շարժման ոգին էլ հենց դա էր, սակայն այստեղ պետք է հասկանալ՝ Հայաստան ասելով՝ ի՞նչ նկատի ունենք: Ինձ համար Արցախը Հայաստան է, և Հայաստանը մեկ հայրենիք է՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, սակայն այստեղ միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի և Արցախի հանրապետություններն են տարբեր, բայց հայրենիքը նույնն է, ազգը նույնն է»:

Մեր մյուս հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, որոնցով նա պարբերաբար  անվստահություն է հայտնում ՀՀ նոր իշխանություններին, նա նշեց. «Մարդու իրավունքների տեսանկյունից հարցին անդրադառնամ՝ ոչ միայն այդ դեպքը, այլև բազմաթիվ այլ դեպքեր ինձ համար անընդունելի են, եթե դիտարկում ենք անհանդուրժողականության և հատվածականության տեսանկյունից:

Մեր ժողովրդի մեջ ոչ մի կողմից, ոչ մի, հատկապես՝ հանրային գործչի կողմից, չպետք է լինի անհանդուրժողականության քարոզ: Իհարկե, սա չի վերաբերում քաղաքական հայտարարություններին, եթե զուտ քաղաքական հիմքով ու հիմնավորումներով է լինում, բայց կա քաղաքական հայտարարությունների որոշակի սահման, չգրված կանոններ, որոնք եթե խախտվում են, կարող են ազդել հանդուրժողականության մթնոլորտի վրա. Սա, նշում եմ, որ բոլոր կողմերին է վերաբերում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս