Բաժիններ՝

Մեղրու ազատ տնտեսական գոտին հետաքրքրում է Ռուսաստանին, Իրանին և շվեյցարական մի քանի ընկերությունների

Դեռևս օգոստոսի վերջին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, Մեղրիիում արտագնա նիստ էր հրավիրել Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդրի վերաբերյալ: Այդ ժամանակ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ անընդունելի է մեծ ոգևորությամբ բացված տնտեսական գոտին անգործության մատնել:

Այսօր արդեն պատկան կառույցների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկվեցին Ազատ տնտեսական գոտու հետ կապված խնդիրները, և նիստի հենց սկզբում Մ. Մելքումյանը նշեց, որ դահլիճից չեն կարող դուրս գալ, մինչև խնդիրների լուծման բոլոր տարբերակները չքննարկեն:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու առաջին փուլի համար նախատեսված է եղել մոտավորապես 700  մլն դրամ ծախսել, ներկայումս ծախսվել է 500 մլն դրամ, որից 410  միլիոնը՝ շինարարության վրա:

«Գոտու գործողությունների ժամկետը նախատեսված է մոտավորապես 50 տարի: Այնտեղ ամենամեծ խնդիրը փաստացի հողերի խնդիրն է, ամբողջ տարածքի համար պահանջվում է 50-60  հեկտար, սակայն ամբողջ տարածքը 1, 8 հեկտար է, ինչն անբավարար է ազատ տնտեսական գոտու համար: Քանի որ պետությունն այնտեղ ծախս է իրականացնելու՝ մաքսակետ ստեղծելու և լրացուցիչ ենթակառուցվածքների համար, ապա այդ ծախսը տնտեսվարողների կողմից չի կարող փոխհատուցված լինել, եթե տնտեսվարողներն այնտեղ շատ չլինեն: Եթե մոտավորապես գնահատականներով խոսենք, ապա մեկ մաքսակետի ստեղծումը  կարժենա 500 հազարից մինչև 1մլն դոլար»,- նշեց էկոնոմիկայի փոխնախարարը:

Ըստ նրա՝ ազատ տնտեսական գոտում երկրորդ խնդիրը մաքսային ռեժիմի կարգավորման խնդիրն է, ինչպես նաև շինարարների հետ կապված խնդիրները:

Նա նաև տեղեկացրեց, որ ազատ տնտեսական գոտու տարածքի հողերի հետ կապված քրեական գործ է հարուցվել, իսկ մաքսային կարգավորումը կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կհստակեցվի, թե հողերի որ հատվածն է տրվելու տնտեսական գոտուն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամփուխչյանն Ավագ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կա՞ն տնտեսվարողներ, որոնք ցանկանում են տնտեսական գոտում սկսել բիզնես: Փոխնախարարը պատասխանեց, որ հետաքրքրությունը գործունեություն ծավալելու վերաբերյալ գալիս է երկու կողմից՝ շահագործողների և պոտենցիալ օպերատորների:

«Պարզ է, որ տնտեսական գոտու ամենաշահավետ շահագործողը պետք է մասնավորը լինի, մենք մոտավորապես 10 տարբեր ընկերություններից ստացել ենք հարցումներ, թե արդյո՞ք տնտեսական գոտին գործելու է, ամենաբարձր հետաքրքրությունը գալիս է Ռուսաստանից և Իրանից:

Օպերատորների առումով էլ  հետաքրքրությունը գալիս է շվեյցարական մի քանի ընկերություններից, որոնք հարցում են արել, թե տնտեսական գոտու հետ կապված խնդիրը լուծվե՞լ է, թե՞ ոչ»,- շեշտեց նա:

Զվարթ Խաչատրյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս