
ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները կբացառի հարկային սև ցուցակից. Reuters

Եվրամիությունը հոկտեմբերի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Մարշալյան կղզիները կբացառի օֆշորների սեւ ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ հարկ եղած ձեւով չեն համագործակցում հարկային ոլորտում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության փաստաթուղթը։
Բացի այդ, այն երկրների սեւ ցուցակից, որոնց անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել հարկային ոլորտում, կբացառվի Շվեյցարիան: Ինչպես հայտնել է գործակալությունը, Բեռնն իր հարկային ռեժիմը համապատասխանեցրել է ԵՄ-ի պահանջներին:
Մարտին ԵՄ-ի խորհուրդը հաստատել է 15 պետություններից բաղկացած սեւ ցուցակը, որոնք հրաժարվել են փոխել իրենց հարկային օրենսդրությունը: ԵՄ-ի խորհուրդը դրանում ներառել է տասը նոր երկիր՝ Արուբան, Բարբադոսը, Բելիզը, Բերմուդյան կղզիները, Վանուտուն, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆիջին, Մարշալյան կղզիները, Օմանը, ԱՄԷ-ն:
Նրանք ավելացրել են այն հինգ պետություններին, որոնք ցուցակում գտնվում էին անցյալ տարվանից (Ամերիկյան Սամաոն, Գուամը, Սամաոն, Տրինhդադը եւ Տոբագոն, ինչպես նաեւ Ամերիկյան Վիրջինյան կղզիները): Եվս 34 պետություն ներառվել են գորշ ցուցակում: Դա նշանակում է, որ նրանց հարկավոր է լրացուցիչ աշխատանք կատարել, որպեսզի նրանց հարկային ռեժիմներն ստանան ԵՄ-ի հավանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: