
Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին խորհրդական է նշանակել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումների ֆոնին՝ «Փաստինֆո»-ին ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել։
Ըստ այդմ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։
Տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաեւ նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։
Տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է . այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության և ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, և նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է ԱՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: