Գազի գինը հավանաբար կբարձրանա գարնանից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ այդ այցի հետ է կապվում նաեւ քաղաքացիներին հուզող այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին գազի գնի հարցն է, որը մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Սպասվում էր, որ Պուտինի այցի ընթացքում վերջապես կհստակեցվի գազի գնի հարցը, սակայն Փաշինյանը եւ Պուտինը երկու անգամ հանդիպում ունեցան եւ հանրությանն այդպես էլ չհայտնեցին՝ գազի գնի շուրջ խոսակցություն տեղի ունեցել է, թե ոչ:

Եվ ահա հաջորդ օրը վարչապետի խոսնակը հայտարարում է, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ գազի գնի թեման, սակայն երկրների առաջնորդները չէ, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն այս հարցով:

Եթե հիշում եք, հունիսին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Եթե այդ խնդիրը նախագահների մակարդակի հարց չէր, ապա այն չէր լինի Փաշինյան-Պուտին հանդիպումների քննարկման օրակարգում:

Ու ընդհանրապես, հետաքրքրական է, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ գազի գնի թեման բանակցությունների սեղանին է լինելու, եւ իրենք ամեն ինչ անելու են, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա:

Ստացվում է, որ արդեն մոտ 10 ամիս է, ինչ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ հստակեցում չկա՝ գինը ինչ չափով է բարձրանալու, կամ ընդհանրապես բարձրացում տեղի ունենալու է, թե ոչ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վստահեցումներն էլ, թե չի լինի այնպիսի վիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի մեկից գազը թանկանում է, բավարար չեն:

Նրա ասածից ավելի շատ կարելի է ենթադրել, որ թանկացում հաստատ լինելու է, ուղղակի ոչ հունվարի մեկից: Սակայն հարցն այն է, թե երբվանի՞ց։

Հնարավոր է՝ գարնանից, ու չի բացառվում, որ սա էլ հրամցվի որպես մեծ լավություն իշխանության կողմից: Դրա փորձն արդեն նախկինների օրոք ունեցել ենք:

Բացատրենք:

Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղան, որ գազի գինն անպայման բարձրանալու է: Դա այլեւս ոչ ոք չի ժխտում: Հարցը, փաստորեն, տոկոսներն ու ժամկետներն են:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը պնդում է 35-40 տոկոս բարձրացման մասին: Մասնագետները վստահ են՝ նման կտրուկ թանկացում չի լինի: Այսինքն՝ ի վերջո, գազը կթանկանա, բայց, ասենք, 20-25 տոկոսով:

Դա էլ է զգալի, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց համար, իսկ նրանք մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այդուամենայնիվ, նման «զիջումը» կներկայացվի որպես մեր իշխանությունների մեծագույն հաջողություն ու լավություն մեր ժողովրդին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս