Դաշնակցությունը Սփյուռքում` որպես կողմնորոշիչ ուժ

Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները դժվար է համարել քաղաքական և, ընդհանրապես` որևէ քաղաքագիտական տեսության մեջ տեղավորվող գործընթաց, քանի որ այն իշխանությունը, որն այսօրվա իշխանությունը՝ չի համապատասխանում ոչ մի գաղափարական հիմքի ու հոսանքի։ Հայտնի փաստ է, որ դեռևս ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ու իր կուսակցությունն «իզմեր» չունեն, այսինքն, եթե փորձենք հստակեցնել, ստացվում է, որ Փաշինյանի ասածը կարելի է մեկնաբանել՝ որպես գաղափարազուրկ, ինքնաբուխ մի համախառն խումբ, որը պարբերաբար հանդես է գալիս ինչ-ինչ հոդաբաշխ հայտարարություններով։

Այսօր ՀՀ-ում այնպիսի մի իրավիճակ է, երբ իշխանությունները, ինչքան էլ փորձում են հանրության աչքին «թոզ» փչել և հայտարարել, որ «երկրում այս-այս ոլորտներում աննախադեպ ցուցանիշներ կան», կամ «առաջիկայում ներդրումային բում է լինելու», փաստ է, որ մեկուկես տարվա ընթացքում ոչ մի նյութական գործընթաց այս ոլորտում չկա՝ ամենուր վակուում է։ Սա հատկապես կապված է Փաշինյանի անհեռատես արտաքին քաղաքականության հետ ու Սփյուռքի հետ տարվող սպոնտան քաղաքական ռևերանսներով։

Ինչքան էլ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները մեկուկես տարի առաջ «ոգու թռիչքով և սիզիփոսյան ճգնությամբ» իրենց համակարգիչների առաջ գամված գովաբանում ու երկրպագում էին ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացը, փաստն այն է, որ նրանց կողմից, ՀՀ իշխանությունների այդքան սպասելի շարժն ու համապատասխան ներդրումային արձագանքը գրեթե գոյություն չունի։ Նշված գործընթացում առանցքային գործոն է հանդիսանում նաև Սփյուռքի հանձնակատարի ընտրությունը, քանի որ Զարեհ Սինանյանին նշանակելով այդ պաշտոնում՝ Փաշինյանն ուղղակի հարվածի տակ դրեց Սփյուռքի հայկական մյուս գաղթօջախների հետ սիմետրիկ ու հավասարաչափ տարվող քաղաքականության գիծը. փաստ էր, որ պարսկահայերը, լիբանանահայերն ու ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն այլ աչքով էին նայում ամերիկահայ Սինանյանին այդ պաշտոնի նշանակմանը։

Ի դեպ՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյանն իր դժգոհություններն է հայտնել հանձնակատարից, և խոսակցություններ կան, որ նա առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։

Ահա այս ամենը հաշվի առնելով՝ բավականին հետաքրքիր ռազմավարություն է որդեգրել Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը բացահայտ տարվող քաղաքականությամբ՝ փորձում է ստանձնել Սփյուռքի համախմբողի դերը։ Վերջին օրերին ՀՅԴ ԳՄ նախագահ Իշխան Սաղաթելյանի Լիբանան կատարած այցը վկայում է այն մասին, որ Դաշնակցությունը կոնկրետ հստակ քայլեր է նախատեսում և բավական վճռական է տրամադրված։ Այն հանգամանքը, որ իր գործունեության ընթացքում Դաշնակցությունը հանդիսացել է Սփյուռքի թիվ մեկ քաղաքական հենարաններից մեկը՝ դրա մասին կարելի է շատ երկար խոսել, և հենց դրանով է պայմանավորված, որ հենց այս տուրբուլենտ փուլում Դաշնակցությունը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։

Փաստ է մի բան. ՀՀ գործող իշխանությունները՝ իրենց ապիկարությամբ ու անհեռատեսությամբ, ոչ միայն ձախողում են ներքին քաղաքականությունը, այլև արտաքին բոլոր վեկտորները, այդ թվում՝ հայ համայնքի հետ տարվող քաղաքականությունը։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում հաստատ հասկացել է, որ իր իշխանության թիմային բլոկը ոչ մի բնագավառում չի կարողանում որևէ ձեռքբերում ապահովել, մասնավորապես՝ արտաքին հարաբերություններում և Սփյուռքի հետ տարվող քաղաքականության հետ կապված։ Եվ, ամենայն հավանականությամբ՝ սրտի մի մութ անկյունում մի յուրատեսակ ափսոսանք ունի, թե ինչու «բլոկեց» Դաշնակցության և ՀՀԿ-ի մուտքը պառլամենտ, որպեսզի հնարավոր դեպքերում կարողանային այդ խողովակներով որոշակի խնդիրներ կարգավորել։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս