«Հրայր Թովմասյանը թող մեզ չհամեմատի ադրբեջանցիների հետ, իր վրա թող շատ չվերցնի». Արման Եղոյան

«Այսօր առավոտյան, լրիվ պատահաբար, տեսա Հրայր Թովմասյանի հարցազրույցը, ինձ մի քանի մեջբերումներ հետաքրքրեցին, առանձնացրեցի, որովհետև դրանք, իմ  կարծիքով, շատ ավելի մտահոգիչ են, քան այս նախագծում արծարծված հարցերը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր  Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց  խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, թե նախքան հարցազրույցին ծանոթանալը ելույթ ունենալու մտադրություն չի ունեցել։

Նրա ամբողջ ելույթը մեջբերումներ էր Հ. Թովմասյանի «Արմնյուզին» տված երեկվա հարցազրույցից:

«Տեսեք՝ ինչ է ասում պարոն Թովմասյանը. ասում է, եթե խնդիրը վերաբերեր Հրայր Թովմասյանի լինել-չլինելուն, ապա ես վստահեցնում եմ, որ իմ կյանքի ուրախ օրերը ունեցել եմ այն ժամանակ, երբ պաշտոն չեմ զբաղեցրել, բայց գալիս է մի փուլ, որ դու հասկանում ես, որ սա կռիվ չէ Հրայր Թովմասյանի հետ, Հրայր Թովմասյանի լինել- չլինելու խնդիրը չէ ընդամենը, որովհետև եթե դա այդպես լիներ, ապա, վստահեցնում եմ, վաղուց իմ պաշտոնը թողած կլինեի։ Ինձ համար սա սահմանագիծ է՝ մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքը»,- Հրայր Թովմասյանի խոսքը մեջբերեց Արման Եղոյանը՝ հարց հնչեցնելով՝ գուցե իրենց արժեքային տարա՞ծքն է նա պահում այնտեղ։

Արման Եղոյանը մեջբերեց Թովմասյանի մեկ այլ արտահայտություն ևս։

«Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, որը ունենում է հայ-ադրբեջանական զինվորը»,- կարդում է Արման Եղոյանն ու հարցնում՝ արդյո՞ք. ենթադրվում է, որ իրենք, ըստ Թովմասյանի, սահմանի մյուս կողում կանգնած ադրբեջանցիներն են։

«Էս ի՞նչ բառապաշար է, էս ի՞նչ լեզու է։ Ասում է՝ էստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը դավաճանության նման է»,- կրկին Թովմասյանի հարցազրույցն է մեջբերում Եղոյանը ու հարցնում՝ այսինքն՝ Թովմասյանի բոլոր գործընկերները դավաճանե՞լ են, մնացել է այս մի տարածքը, որը սրբորեն պետք է պահե՞ն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը մեկնաբանում է նաև Հրայր Թովմասյանի՝ «Ղարաբաղը տալ-չտալու, այդ հարցը լուծելու ճանապարհը անցնում է Սահմանադրական դատարանով» արտահայտությունը։

«Էս ինչի՞ց է խոսում, Ղարաբաղի դիրքերն էլ ե՞ն իրեն վստահել, բա իրեն վստահողներն ո՞ւր են, խի՞ իրենց պոստերը չպահեցին, կամ այդ երբվանի՞ց է Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքականությամբ զբաղվում… Իրա ի՞նչ գործն ա, ընդհանրապես, Ղարաբաղի հարցը ոնց կլուծվի… կամ՝ էդ ո՞վ ա տալիս Ղարաբաղը, իրան որտեղի՞ց տենց տեղեկություն։ Էս ո՞ւմ ա մեղադրում ինքը»,-  վրդովված ասաց Եղոյանը։

«Հայերի ու ադրբեջանցիների միջև չփորձեք բաժանարար գծեր գծել, մյուս անգամ պարոն Թովմասյանը թող չփորձի մեզ համեմատել ադրբեջանցիների հետ, իսկ իրեն՝ հայ դիրքապահի ետ. թող իրա վրա շատ չվերցնի»,- ասաց  «իմքայլական» պատգամավորը։

 ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս