Բաժիններ՝

Ուսանողները դուրս են մնում համալսարանից անտեղյակության պատճառով. ԵՊՀ ուսանող

Այսօր ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել Մայր բուհի դիմաց: Նրանք վստահեցնում են, որ իրենց ավելի քան 100 ընկերներ դուրս են մնացել համալսարանից անտեղյակության պատճառով, սակայն խնդիրը միայն ԵՊՀ-ում չէ:

Բանն այն է, որ ուսանողներն օրենքով զրկված են երրորդ լուծարքային շրջանից, սակայն մինչև անցած տարի նման հնարավորություն ունեցել են: Ըստ ուսանողների՝ իրենց այդ մասին պատշաճ չի զգուշացվել:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Պատվական Մարգարյանն ասաց, որ չնայած ինքը ոչ մի լուծարք չունի, բայց պատրաստվում է կանգնել իր ընկերների կողքին:

«Ուսանողներն ու դասախոսներն իմացել են, թե հնարավոր է երրորդ լուծարք ևս հանձնել, նույնիսկ երկրորդ լուծարքի ժամանակ ուսանողներից շատերին ասել են՝ գնա, լավ պատրաստվի, կգաս՝ կհանձնես: Անգամ եղել են ուսանողներ, ովքեր ոչ թե չեն կարողացել հանձնել քննությունը, այլ ստացիոնար բուժման են եղել և մտածել են, որ հնարավորություն կունենան դեռ հանձնելու, կամ՝ այլ պատճառներով չեն ներկայացել քննության: Մինչ այս հնարավոր եղել է երրորդ լուծարք հանձնել, կարծեմ որոշակի սահմանված գումարի չափ է եղել՝ 10.000 դրամ, մուծել և հանձնել են, սակայն այս տարի երրորդ լուծարք ուսանողներին թույլ չեն տվել հանձնել»:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է ակցիայի մասնակից ուսանողներին, բայց ասել է, որ խնդրի լուծումն իր լիազորությունների սահմանում չէ:

«Մեզ ընդունեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը, մեր նպատակն այսօր դա էր, հանդիպել, իր հետ քննարկել այդ հարցը: Նա մեզ ասաց, որ այս հարցի լուծումն իր լիազորությունների սահմանում չէ: Մենք պատրաստվում ենք այս հարցի լուծման համար դիմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Մենք ուզում ենք, որ մեր ընկերներին հնարավորություն տրվի ևս մեկ անգամ քննություն հանձնել»,- ասաց ուսանողներից մեկը:

Հիշեցնենք, որ նման ակցիա եղել էր նաև մարտ ամսին: Ուսանողները երթ էին կազմակերպել ԿԳՄՍՆ, սակայն հարցն այդպես էլ լուծում չէր ստացել: Ուսանողներն ասում էին, որ որոշ համալսարանների տրված է երրորդ լուծարքային շրջանի հնարավորություն, իսկ որոշ համալսարանների, օրինակ, ԵՊՀ-ին, տրված չէ: Նրանք հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանին, խնդիրը լուծում չէր ստացել, բայց խոստացել էին ևս մեկ անգամ անդրադառնալ դրան առավել մանրամասն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս