Հնագույն քաղաքակրթություններ և նորագույն քաղաքական հարցեր
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
Նախ պետք է ասել, որ երկար ճանապարհ չեն անցել միջազգային այս ձեւաչափով համագործակցություն առաջադրող համախմբման աշխատանքները: Սա երրորդ համախմբումն է, որը կայանում է հին քաղաքակրթության տեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ որին պաշտոնական Երեւանը ունեցել է ուշագրավ մասնակցություն` իբրեւ հնագույն քաղաքակրթության տեր պետություն:
Առաջադրանքը անշուշտ աշխարհակարգային ըմբռնումով խիստ այժմեական է հնչում: Եւ այստեղ երկու ընկալումով կա հրատապություն ներկայացնող օրախնդիր: Առաջինը քաղաքակրթական հիշատակարանների ուղղակի բնաջնջումն է` ծայրահեղ կրոնական տեսքով նորագույն ահաբեկչական շարժման ձեռամբ եւ երկրորդ` տեխնոլոգիաների անվերահսկելի արագընթացությամբ եւ անդադար նորարացումներով քաղաքակրթությունների դիմափոխման, եթե ոչ նույնիսկ վերափոխակերպման շարունակվող գործընթացը: Ի դեպ, մշակութային ժառանգության բնաջնջման վառ օրինակներ աշխարհին հրամցրել են թե՛ Թուրքիան եւ թե՛ Ադրբեջանը հայապատական տարածքներից համամարդկային արժեք ներկայացնող վկայությունները բնաջնջելու փաստերով։
Քաղաքակրթությունների կերպարանափոխումը իր հետ է բերում նաեւ արժեհամակարգերի վերաիմաստավորում, եթե դրական ընկալում ուզենք օգտագործել, այլապես վերաիմաստազրկում` մի քիչ ավելի իրատեսական մոտեցում որդեգրելու դեպքում։
Համենայնդեպս, այս բոլոր հանգամանքները նշվում են պարզապես առաջադրանքի այժմեականությունը ընդգծելու եւ այդ հրամայականին ընդառաջ միջպետական համագործակցությամբ հնագուն քաղաքակրթական արժեքներ միջազգային հարթության վրա պահելու փորձերը լուսարձակի տակ բերելու:
Այդ ֆորումին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի կատարած հայտարարության մեջ ուշագրավ բաժին է կազմում հետեւյալը․
2017 թ. Աթենքի եւ 2018 թ. Տիվանակուի հռչակագրերը սահմանեցին մեր` մասնակից պետություններիս միջեւ համագործակցության շրջանակներն այնպիսի կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքը եւ կանխարգելումը, դեպի ծագման երկիր դրանց վերադարձին նպաստելը:
Մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքի կիրառման եղանակների ճշտումը համեմատաբար ավելի հեշտ է, քան առաջադրանքի երկրորդ բաժինը: Որեւէ պետություն կարող է սահմանել այն չափորոշիչները, որոնց հիման վրա մշակութային ժառանգության նշանակություն ունեցող իրերը չեն կարող դուրս գալ բնօրրանից: Մինչ երկրորդը, որ խիստ կենսական նշանակություն ունի հատկապես մեր պարագայում, գործնական բազմակի արգելքներ դիմագրավում:
Խոսքը սփռված ազգային մշակութային ժառանգության հետ աղերս ունեցող իրերի հայրենադարձության մասին է, որ բազմաթիվ պետություններ իբրեւ խնդիր կդիմագրավեն եւ կաշխատեն հարթել դրանց տունդարձի ճանապարհը:
Մեր մշակութային ժառանգության սփռվածության համապատկերը ժամանակի ընթացքում ընդլայնված աշխահագրություն ունի․ իսկ առաջադրանքը ճիշտ է, որ առաջին հերթին միջպետական համագործակցության հետ սերտորեն առնչվում է տարբեր երկրներում գտնվող քաղաքակրթական ժառանգությունները սեփական պետության վերադարձնելու առումով, այդուհանդերձ սփյուռքահայ համայնքների ներգրավվածությունը անհրաժեշտ համահայկականության սահմաններ է գծում։
Ֆորումին արտգործնախարարի բարձրացրած կարեւոր բանաձեւ ներառող այս բաժինը առանձին մեկնաբանության արժանի է: Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել, որ անդամակցություն հայցող պետության քաղաքակրթությունն ունենա ապացուցված շարունակական պատմություն, որ այն հարգի ոչ միայն իր, այլեւ հարեւան երկրների պատմությունը` ներառյալ ակադեմիական հետազոտության հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Կոնսենսուսի հիման վրա աշխատելը մեր այս ֆորումի աշխատանքի առանցքային մեթոդն է:
Այս բանաձեւը նման համախմբումից դուրս է պահում շարունակական քաղաքակրթության պատմության գիտական ապացույց չունեցող, այլ հարեւան երկրների պատմությունը չհարգող եւ պատմական իրողությունները ժխտող թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը պատմական, ակադեմիական, գիտական եւ քաղաքակրթական դիտանկյուններով հաջողել է բարձրացնել քաղաքական այժմեական խնդիրներ եւ կանխարգելիչ ազդակներ հաղորդել երկու երկրների միջազգային քաղաքական հարթակ մուտք գործելու դեմ։
Միջպետական փոխշահավետ համագործակցություն եւ համահայկականություն` անշրջանցելի աշխատանքային բաղադրիչներ են հայտարարված առաջադրանքի համար․ երկրորդ ուղղությունը, մասնակից մյուս պետություններից ոչ բոլորը կարող են նկատի ունենալ իրենց ծրագրերի առարկայացման ընթացքում:
Իսկ եթե մտաբերենք նաեւ որ հնագույն քաղաքակրթության տեր պետությունների միջեւ նման համագործակցություն քաղաքակրթական ինքնուրույնությունների շեշտադրմամբ կնպաստի գերիշխանության պահպանմանը, ապա կնկատենք, որ հայկական դիվանագիտության հանրահռչակած երեք սկզբունքներին ընդառաջ է գնում պետության արտաքին քաղաքականությունը ՄԱԿ-ի շրջածիրում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր