Բաժիններ՝

Բանգկոկի բնակիչներին հորդորել են դիմակներ կրել աղտոտված օդի պատճառով

Թաիլանդի մայրաքաղաքում փոշու միկրոմասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը կրկին խիստ գերազանցել է նորման: Այդ մասին ասված է ազգային բնապահպանական դեպարտամենտի հայտարարության մեջ, որը թողարկվել է սեպտեմբերի 30-ին:

«Բանգկոկի 50 շրջաններից 29-ում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման, որը կազմում է 50 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով: Մի շարք շրջաններում վերջին երկու օրը օդի աղտոտվածության մակարդակն աճել է մինչեւ 78 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով»,- ասված է հայտարարության մեջ, որով սեպտեմբերի 30-ին հանդես է եկել դեպարտամենտի ղեկավար Փրալոնգ Դամրոնգթաին Thai PBS հեռուստաալիքի եթերում:

Նա շնչուղիների խրոնիկական հիվանդություններով տառապող քաղաքացիներին նախազգուշացրել է օդորակվող սենյակներում մնալու եւ առանց կարիքի փողոց դուրս չգալու անհրաժեշտության մասին: Նույն օրը Թաիլանդի վարչապետ գեներալ Փրայութ Չան Օչան իր թվիթեր-օգտահաշվում եւ Ֆեյսբուք սոցցանցի էջում Բանգկոկի բնակչությանը հորդորել է դիմակներ եւ շնչադիմակներ կրել քաղաքի փողոցներ դուրս գալիս:

Վարչապետը նաեւ արդյունաբերական ձեռնարկություններին կոչ է արել՝ նվազեցնել ծխի արտանետումները մթնոլորտ: Բանգկոկը վերջին տարիներին հաճախ է  մթնոլորտի աղտոտվածությամբ հայտնվում աշխարհում 3-րդ կամ 4-րդ տեղում: Սեպտեմբերի 30-ին Բագկոկի փողոցներում շատերը դիմակներ են կրում, սակայն դեռեւս ոչ քիչ մարդիկ են յոլա գնում առանց փոշուց պաշտպանության միջոցների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս