«Այդ տղաներին կալանավորելու մասին խոսք չպետք է լիներ». Լարիսա Ալավերդյան

Եթե որոշ երկրներում կարելի է գտնել առանձին դեպքեր, երբ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, ապա մեր երկրում դա տեղի է ունենում միշտ, այսինքն` օրինաչափություն է: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն,  ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով դատաիրավական վերջին գործողություններին:

«Մենք տեսնում ենք, որ դա ամբողջովին հստակ մշակված քաղաքականություն է, և դա տեղի է ունենում ամբողջ հասարակության առջև: Եթե առաջ գտնում էի, որ դա անձնավորված է և վերաբերում է այս կամ այն հնչեղություն ունեցող անուններին, ապա այսօր՝ նրանց ջատագովներին: Այսինքն` հետապնդվում են ոչ թե առանձին անձինք, այլ գոյություն ունեցող մի հսկա խավ: Եվ սա մերժելի է և դատապարտելի: Երբ խոսում ենք նրա մասին, թե ով է մեղավոր, ապա հաշվի առնելով բոլոր կոչերը, բաժանումները, պետք է ասել, որ դիսկրիմինացիոն քաղաքականություն է վարվում, երբ գնում է սևերի և սպիտակների բաժանում:  Կամ երբ կոչ էր արվում ոչ միայն փակել դատարանների դռները և ելքերը, այլև մարդու վրա էին հարձակվում, որը չէր դատապարտվում: Սա մերժելի է,- նշեց Ալավերդյանը և շարունակեց,- Այն, ինչ տեղի է ունեցել դատավոր Դանիբեկյանի հանդեպ, տեղի է ունեցել ոչ միայն՝ հասկանալու, թե դատավոր Աննա Դանիբեկյանը իրեն տեսնո՞ւմ է  «վնգստացողների ցուցակում», այլև՝ վեր հանելու այն երևույթը, որին պետք է վերջ տալ վերջապես: Ինչ վերաբերում է այն տղաների կալանավորմանը, ապա անգամ դատավորը չի ասել, որ դա եղել է ճնշում դատավորի նկատմամբ»:

Դիտարկմանը, թե Աննա Դանիբեկյանի նկատմամբ գործողությունների մասով երկու երիտասարդների կալանավորումը ոմանք քաղաքական հետապնդում են համարում` Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Կալանավորումը նման դեպքի համար՝ ծիծաղելի է: Այստեղ կալանավորումը բոլորովին համաչափ չէ այն  գործողություններին, որոնք տեղի են ունեցել: Թողնենք ամեն ինչը մի կողմ, բայց կալանավորելու մասին խոսք չպետք է լիներ»:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով  կալանավորվել է երկու անձ` Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեզ հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը շեշտեց նաև, որ, առհասարակ, ժամանակն է ճգնաժամային կառավարումից անցնել համակարգային, հստակ ռազմավարության վրա հիմնված կառավարման, որպեսզի վերջ տրվեն այս կամ այն հարցով մարդկանց կողմից փողոցում խնդիրներ լուծելու ճարահատյալ փորձերին, այսինքն` գործընթացները պետք է այնպես կառավարել, որ չստացվի, թե ժողովրդի մի մասն անընդհատ փողոցում է:

«Որոշ փորձագետների, այդ թվում` իմ ասածները, ոչ միայն ազդեցություն չեն ունենում, այլ ի հեճուկս են անում, ուստի արդեն մտածում ես` հրապարակե՞ս կարծիքդ, թե՞ ոչ: Բոլորովին հաշվի չեն առնում: Ես սա չեմ ասում այն պատճառով, որ նախկինում հաշվի էին նստում մեր կարծիքի հետ, ոչ, պարզապես լսում էին, չէին արգելում, բայց այն ժամանակ էլ եմ ասել` որոշում ընդունող խավի վրա այդ կարծիքները բոլորովին չեն ազդում: Ես շատ մտահոգված եմ, քանի որ նոր իշխանությունները խոստանում էին, որ լսելու են կարծիքներ, թող չարձագանքեն ամեն մեկին, բայց երևա, որ անաչառ կարծիքն ազդեցություն ունի»,- ընդգծեց Ալավերդյանը` անդրադառնալով նաև դատաիրավական վերջին գործողություններին:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս