FPWC մասնագետներն Արագած լեռան տարածքում իրականացրել են զննման աշխատանքներ․ հայտնաբերվել է արջի հետքեր և որջ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր մտահոգությունն է հայտնում Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության մասին պարբերաբար բարձրաձայնվող տեղեկատվության առնչությամբ։
Ընդգծենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Գորշ արջի որսը թույլատրված չէ և պատժելի է օրենքով։ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը սահմանված է 1 000 000 դրամ։
Հայտնենք, որ Արագած լեռան շրջակայքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ FPWC դիմած պետական կառույցների խնդրանքով հիմնադրամի աշխատակիցները տարածքում օրերս իրականացրել են զննման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ միասին տարածք այցելած FPWC մասնագետները տեղանքում հայտնաբերել են կենդանու թարմ հետքեր, արջի որջ և հավաքագրել են այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ Նշված տարածքը հանդիսանում է արջի ապրելավայր։
Տեղանքում տեղադրվել են նաև թաքնված տեսախցիկներ, որոնց միջոցով կուսումնասիրվի կենդանու վարքը և հավաքագրված տեղեկատվության հիման վրա կքննարկվեն հետագա անելիքները։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տեղանքում գիշատիչ կենդանու առկայության մասին իրազեկող վահանակի տեղադրման գործում, ինչպես նաև հիմնադրամը հայտնում է, որ կա անհրաժեշտություն քննարկելու նշված ուղին որպես զբոսաշրջային կիրառելու նպատակահարմարության հարցը, ինչը կարող է արվել միայն մասնագիտական խմբի կողմից։