Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշման դեմ որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը
«Այս քրեական գործն արդեն շատ երկար ամիսներ է քննվում, վարույթ իրականացնող մարմինն այս քրեական գործով ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի ապացույցներ ձեռք բերի, և բազմիցս բողոքներ ենք ներկայացնում այդ գործողությունների բնույթի, կատարման եղանակի հետ կապված: Այսինքն՝ որոշ առումով ուղղորդված քննություն ենք բազմիցս տեսել, և այդ ուղղորդված քննության մասին այնպիսի աղաղակող փաստեր կան, որ ուղղակի պաշտպանյալս թույլ չի տալիս, որպեսզի առավել ծավալուն բացեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասա Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ինչ դերակատարություն ուներ այս գործում, նա պատասխանեց. «Նա ԱԱԾ ղեկավարն էր, և վստահ եմ, որ այս գործը պարբերաբար նրան զեկուցվել, քննարկվել է, և եթե նրա գիտությամբ նման խախտումներ էին տեղի ունենում, և այսօր խոսել, որ Վանեցյանի միջամտության արդյունքում ինչ-որ բաներ… համենայնդեպս, ես քրական գործով չեմ տեսնում: Եվ վստահաբար ձեզ ասում եմ՝ երբ հրապարակային քննություն կլինի, դուք կծանոթանաք փաստերին, ինքներդ կհամոզվեք, որ այստեղ ընդհանրապես օրինական քննության մասին խոսել անհնար է, ակնհայտ ուղղորդված քննություն է գնում նախաքննական մարմնի կողմից»:
Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրված, որոշումը բողոքարվել է, ընթացքի մասին տեղեկություն դեռ չունեն:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը՝ ժամը 9:30: Պաշտպանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը կգտնվի իր դերում: