«Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը. դատարանը կոպիտ խախտում է թույլ տվել». Երեմ Սարգսյան
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր քննվեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ակնհայտ և կոպիտ խախտումներ, որի համար արդարադատության նախարարին և դատավորների կարգապահական հանձնաժողովին հաղորդում են ներկայացրել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար․
«Դատարանի դատական ակտն ու դատարանի տարամադրության տակ եղած նյութերն ուսումնասիրելով,ակնհայտ է դառնում, որ դատարանն ընդհանրապես չի ունեցել ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստական տվյալ: Իսկ դատարանը գրել է, որ այս հոդվածով հիմնավոր կասկածն, ըստ էության, առկա է: Դատարանի տրամադրության տակ չկան այդպիսի նյութեր, դատարանի որոշման մեջ չկան նշումներ այդպիսի նյութերի մասին, այդ դեպքում ինչպե՞ս է հիմնավոր կասկածը հաստատված համարել, այստեղ ակնհայտ է, որ դատարանը կոպիտ խախտում է թույլ տվել, որովհետև անձի ազատության իրավունք է սահմանափակվել»:
Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանը օրենքի իմաստով այլ տարբերակ չունի, քան հաստատել Առաջին ատյանի դատարանի կողմից եղած սխալը. «Իհարկե, այստեղ անելիք կունենա նաև արդարադատության նախարարը և մենք կտեսնենք, թե առկա իրողության մեջ ինչպես են կարողանում օբյեկտիվ և օրենքի հիման վրա գործել»:
Պաշտպանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը. «Նա չի ընդունում նաև ՀՔԾ-ի մեղադրանքը»:
Հարցին՝ եթե չի ընդունում ՀՔԾ մեղադրանքը, այդ դեպքում ինչո՞ւ է պետբյուջե խոշոր գումար վերադարձրել, պաշտպանը պատասխանեց, որ նման տվյալ չի տեսել.
«Գումար փոխհատուցվել է նշված քրեական գործով, սակայն, թե ով է փոխհատուցել և ինչ հանգամանքներում, դրան այս պահին չեմ անդրադառնա, հետագայում կանդրադառնամ: Չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն իմ կողմից ուսումնասիրված, որտեղ կա նման փաստական հանգամանք»:
Ըստ նրա՝ դատարանն արձանագրել է, որ ձերբակալման հիմքերն առկա չեն. «Այսինքն՝ այդ ամբողջ նյութերը որոնք կալանավորման համար կիրառվում էին, այդ նյութերում մեկ փաստական տվյալ չէր գտել, որ ձերբակալման հիմքը հաստատեր: Հիմա եթե նույն նյութերի հիման վրա դատարանը չի կարողանում ձերբակալումը հաստատել, հարց է ծագում, թե ինչպես եղավ, որ նույն նյութերի հիման վրա կալանավորման հիմնավոր կասկածը հատատեց: Սա վկայում է այն մասին, որ դատարանն ընդամենը մեխանիկական միջնորդություն է կատարել»:
Նա ասաց, որ Գագիկ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, և վիրահատությունից հետո քննիչի առաջին իսկ կանչով վերադարձել է Հայաստան, որպեսզի իր մասնակցությամբ քննություն կատարվի, որից հետո, ըստ պաշտպանի՝ Խաչատրյանը նորից պետք է մեկներ վիրահատության.
«Այս ամենը երկարաժամկետ արգելվել է Գագիկ Խաչատրյանին, այն դեպքում, երբ համապատասխան փաստաթղթերը կան, որ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ: Այսինքն՝ միայն այս փաստական տվյալը բավարար է, որ անձին թույլ տային մեկներ, բուժում ստանար, վերադառնար»:
Երեմ Սարգսյանը ներկայացրեց իր պաշտպանյալի դիրքորոշումը. «Թող լինի ամբողջական քննություն, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, և եթե կա խնդիր, որը կհիմնավորվի դատարանով, այդ ամենին պատրաստ է պատասխան տալ, բայց պետք չէ, որ արհեստական կալանքի հիմքեր ստեղծվեն: Դատարաններն այս գործով ակնհայտ խախտումներ են թույլ տալիս, և չի բացառվումն, որ Եվրոպական դատարանում այս խախտումներն արձանագրվեն: Հիմա ինչի՞ է պետք, որ այս իրավիճակում ՀՀ դատարանները խախտումներ թույլ տան: Պետք է այնպիսի ծանրակշիռ փաստարկ ներկայացներ դատարանը, որ տեսեք՝ այլևս ստորագրությունն ի զորու չէ նրա պատշաճ վարքագիծն ապահովել, և միայն կալանավորմամբ է դա հնարավոր»:
Նա նշեց, որ չնայած մեղադրանքը չեն ընդունում, բայց տեսնելով արհեստական մոտեցումը, պետական համապատասխան մարմնի դեպոզիտ հաշվին վճարվել է կոնկրետ այդ հոդվածներով մեղադրանքների մեջ նշված գումարները.
«Այս գումարները վճարվել են դեպոզիտ հաշիվ՝ ցույց տալու անձի դրական վարքագիծը քննության ընթացքում, և եթե նույնիսկ կհիմնավորեք, որ այդ հանցագործությունները կան, ունեք արդեն երաշխիք, որ այդ գումարները վերադարձվեն պետբյուջե: Խոսքը 192 մլն և 34 մլն դրամի մասին է»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։