54 հայաստանցի երիտասարդներ այս տարի ստացել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ. բյուջեն կազմել է 840.000 դոլար
54 հայաստանցի երիտասարդներ այս տարի ստացել են «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակ և սովորում են ութ երկրի առաջատար բուհերում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը:
«Այս տարի ունեցել ենք 90 դիմում, նրանցից ընտրվել են 54-ը: Նրանց կրթաթոշակի համար բյուջեն կազմել է 840 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարի 27 կրթաթոշակառու էր ընտրվել, որոնց համար բյուջեն կազմել էր մոտ 571 հազար դոլար: 54 երիտասարդներ սովորելու են 8 երկրների` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի և Ավստրիայի առաջատար բուհերում»,-ասաց Ներսեսյանը:
Ծրագրի համապատասխանության չափորոշիչներն են լինել ՀՀ քաղաքացի, դիմելու պահին լինել 17-40 տարեկան և դիմած լինել աշխարհի առաջատար բուհեր, այնտեղից ունենալ հրավեր: Անհրաժեշտ է ընդունված լինել աշխարհի 20 լավագույն համալսարաններից մեկը: Հիմնադրամում առաջնահերթություն են տալիս մագիստրատուրայի համար դիմողներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձանց Հայաստան վերադառնալն ավելի շուտ կարող է լինել:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի համոզմամբ` բացի այդ, մագիստրատուրայում 1 կամ 2 տարվա ընթացքում անձինք այնքան չեն ինտեգրվում արտերկրում, որ չցանկանան հետ վերադառնալ:
Ներսեսյանի խոսքով` կառավարությունից, տարբեր մասնագետներից կարծիքներ են լսել և կազմել են առաջնահերթ մասնագիտությունների ցանկ, որոնց գծով մասնագետներն անհրաժեշտ են Հայաստանին: Սակայն ցանկում ընդգրկված մասնագիտությունները չեն բացառում մյուս մասնագիտություններով կրթաթոշակառու դառնալու հնարավորությունը: Առաջնահերթ 37 մասնագիտությունների ցանկում են լրագրությունը, գյուղատնտեսությունը և անտառաբուծությունը, անասնաբուծությունը, բժշկությունը և առողջապահության կառավարումը, մարքետինգը և գովազդը:
Այս տարի ամենաշատը դիմել են բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, իրավագիտության, համակարգչային գիտությունների վերաբերող մասնագիտություններով:
«Ծրագրին դիմելու համար անձը պետք է ոչ պայմանական հրավեր ստանա համալսարանից, երկրորդ փուլը հայտի գնահատումն է: Դիմողները պետք է ներկայացնեն նաև մի ծրագրի նախագիծ, որը կցանկանան Հայաստան վերադառնալուց հետո իրագործել, երրորդ փուլն ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցն է»,-ասաց Ներսեսյանը:
Կրթաթոշակի չափը հաշվարկելիս հիմնադրամը հաշվի է առնում ուսման վարձը, կեցության ծախսերը, առողջապահական ապահովագրությունը և ուսումնական նյութերը: Հիմնադրամը շնորհում է ծախսերի մինչև 50 տոկոսը: Դեռևս տրված ամենաբարձր կրթաթոշակը եղել է 20 հազար ԱՄՆ դոլար:
Կրթաթոշակառուի պարտականություններից գլխավորն է ուսումն ավարտելուց հետո վերադարառնալ Հայաստան և առնվազն 3 տարի ապրել ու աշխատել Հայաստանում և Արցախում: Պայմանը կատարելու` Հայաստան վերադառնալու համար կարող է տրվել 1 տարի ժամանակ: Հայաստան չվերադառնալու դեպքում անձը պետք է ետ վերադարձնի գումարը: Սակայն Ներսեսյանի համոզմամբ` գրեթե բոլոր դիմորդների նպատակն եղել է սովորել և վերադառնալ Հայաստան: