![](/banners/BeFunky-design.jpg)
Մադրիդը կվիճարկի բանտարկված քաղգործիչների համաներման մասին Կատալոնիայի խորհրդարանի նոր բանաձևերը
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/989637.jpg)
Իսպանիայի կառավարությունը կբողոքարկի Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած բանաձեւերի նախագծերը, որոնք կապված են բանտարկված տարածաշրջանային քաղաքական գործիչների համաներման եւ ինքնավարությունից քաղաքացիական գվարդիայի դուրսբերման պահանջների հետ: Այդ մասին հայտնել են երկրի նախարարների կաբինետում:
Սեպտեմբերի 26-ին Կատալոնիայի պալատն «ինստիտուցիոնալ պատասխան» է խոստացել անջատական շարժման առաջնորդների նկատմամբ երկրի Գերագույն դատարանի «վճռին»: Ինքնավար մարզի խորհրդարանը նաեւ կաշխատի քաղաքական գործիչների համար համաներման հասնել ազատազրկման դատավճիռների դեպքում: Բացի դրանից, անկախության կողմնակիցները հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները հեռանան Կատալոնիայի տարածքից:
«Մենք ցանկանում ենք հայտնել, որ (Իսպանիայի) կառավարությունն ուսումնասիրում է (հավանության արժանացած նախաձեռնությունների) բովանդակությունը՝ դրանք բողոքարկելու եւ վերոհիշյալ բանաձեւերի դեմ դատական կարգով գործելու համար»,- ճշտել են նախարարների կաբինետում:
«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանք դեռեւս պաշտոնապես հրապարակված չեն»,- հավելել են երկրի իշխանությունները: Տարածաշրջանային պալատի քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել են Կատալոնիայի անկախության ինն արմատապես տրամադրված կողմնակիցներ: Կասկածյալներն այսպես կոչված հանրապետության պաշտպանության կոմիտեների անդամներ են, կոմիտեներ, որոնք պայքարում են Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու օգտին: Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավել են պայթուցիկ սարքերի պատրաստման նյութեր: Իրավապահ մարմինների աշխատակիցները համոզված են, որ կասկածյալները կարող էին մոտ ժամանակներս փորձել գրոհներ կազմակերպել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: