Հայաստանում մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով այսուհետ մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ նախատեսվում է նաև չգրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան:
«Որոշմամբ հանվում է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է նաև դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ: Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ: Նախատեսվում է նաև ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ: