«Փաշինյանը համաձայնություն է խախտել. այդ սրությունը դրանով է պայմանավորված». Վիգեն Հակոբյան
Հարցազրույց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ
– Պարոն Հակոբյան, նախկինում էլ բազմաթիվ հրաժարականներ ու պաշտոնանկություններ են եղել, սակայն դրանք երբևէ այնքան սուր դրսևորումներ չեն ունեցել, ինչպես եղավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Այս փոխհրաձգությունը, միմյանց ներկայացված մեղադրանքներն ու սպառնալիքներն ինչի՚՞ արդյունք են, և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ:
– Գոնե ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եղել են ինչ-որ փոխհամաձայնություններ, թե ինչպես է լինելու այդ հրաժարականը, ինչպես դա պետք է ներկայացվի՝ ինչ ֆորմատով, ինչ տեսքով, և այդ համաձայնությունները խախտվել են: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարությանը հետևում է Վանեցյանի պարզաբանումը, և յուրաքանչյուր անգամ նոր երանգներ են ի հայտ գալիս: Այդ պատասխանների գլխավոր դրդապատճառն այն է լինում, որ Փաշինյանը համաձայնություն է խախտել. սրությունը դրանով է պայմանավորված, որ հրապարակվում են ինչ-որ մեղադրանքներ, որոնք բավականին ցավագին են ընդունվում Վանեցյանի կողմից: Մեկ՝ դա կապված է սպայի պատվի հետ, մեկ՝ ուսադիրների հետ, մեկ ժամանակից շուտ հայտարարվեց, որ պարոն Վանեցյանը հրաժարական է տալու:
– Իսկ ի՞՚նչ հետևանքներ կարող է սա ունենալ:
– Եթե հիմք ենք ընդունում պարոն Վանեցյանի արդեն երկրորդ հայտարարությունը, ապա կարծում եմ՝ կողմերը նորից փորձելու են պայմանավորվել, ինչպես Վանեցյանն էր ասում՝ Նիկոլ Փաշինյանը նրա մոտ մարդկանց է ուղարկում, որոնք դիմում են նրան, որպեսզի գոնե առժամանակ դադարեցվի այս ամենը: Կարծում եմ՝ նորից այդ մարդիկ կլինեն և ինչ-որ մի փուլում որոշակի պայմանավորվածության կգան, խնդիրն այն է, թե որքան այդ պայմանավորվածությունները կպահպանվեն:
– Կարծիքներ կան, որ Վանեցյանը կմտնի քաղաքականություն, քանի որ վայելում է Ռուսաստանի աջակցությունը, Դուք ի՞նչ կասեք այս մասով:
– Նման վարկածի համար հիմքեր կան, որովհետև այն հայտարարությունը, որով հանդես եկավ պարոն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում, ակնհայտորեն քաղաքական հայտ էր բարձրաստիճան սպայի, որն իր հրաժարականից հետո կարծես թե մտադրություն ունի մտնել քաղաքական դաշտ: Այս տեսակետից՝ ստարտային բարենպաստ պայմաններ պարոն Վանեցյանն ունի, դա բավականին բարձր վարկանիշն է՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է այդ վարկանիշը ձեռք բերվել: Դա կապված է և՛ նրա մասնագիտական գործունեության, և՛ անձնական խարիզմայի, և՛ հասարակական իր գործունեության հետ, որը մենք տեսնում ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Այդ ստարտային պայմանները կան, և եթե պարոն Վանեցյանը փորձի գրագետ օգտագործել այդ բազան, որն ունի, և փորձի մտնել քաղաքական դաշտ, ապա հնարավոր է՝ որոշակի հաջողությունների հասնի: Ինչ վերաբերում է նրա հենարաններին՝ երկրից դուրս, ապա կարծում եմ՝ դա ընդամենը վարկածի մակարդակով է, որովհետև բոլորս ենթադրում ենք, որ Հայաստանի հատուկ ծառայությունները սերտորեն կապված են Ռուսաստանի հետ, դրա համար Ռուսաստանի անունն է տրվում: Գուցե պարոն Վանեցյանն այլ հենարաններ էլ է ձևավորել այս տարիների ընթացքում, քանի որ իր գործունեությունը, այնուամենայնիվ, բավականին լավ հնարավորություններ դրա համար ստեղծում էր: Ես չեմ զարմանա, որ քիչ ժամանակ անց խոսեն նաև այլ կապերի մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում