«Մարդը միշտ ասում է այն, ինչ կա իր ենթագիտակցականում, և, իհարկե, նրանք վախենում են իշխանությունը կորցնելուց». հոգեբան
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին, շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։
Դրանց հրապարակվելուց ի վեր իշխանությունները, ի դեմս, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, «Իմ քայլ»-ական որոշ պատգամավորների, ձեռնամուխ են եղել դրանց պատասխանելու գործին՝ հատկապես «վերադարձի» համատեքստում, այնինչ այդ ուղերձներից որևէ մեկի մեջ վերադարձի մասին խոսք անգամ չկա։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես գրված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:
…Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.
«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:
Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված: Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:
Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:
Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.
Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:
Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ` գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:
Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»:
Երրորդ նախագահն այս ուղերձում խոսում է պատասխանատվության ու պարտականության, ժողովրդի իմաստնության, քարոզչական ու քաղաքական առասպելների, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելու վտանգավորության, բայց ոչ՝ իր վերադարձի մասին։
Այս ուղերձին ի պատասխան, օրինակ, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մասնավորապես գրել էր.
«…Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել։
Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի ՀՀԿ-ականների համար»։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ ուղերձներին, ասել էր. «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է նախկինների գործունեությունը՝ մասնավորապես 2018 թվականին։ Ամեն օր էլ մեկնաբանում է։ Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վերադարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն:
…Ակտիվ քաղաքականության են վերադառնում… ուր ուզում եք՝ վերադարձեք… մինչև վերջին կոպեկը վճարելու են։ Սերժ Սարգսյանը, իր փեսա Միքայել Մինասյանը, մյուս եղբայր Լևոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։ Քրեական գործեր են հարուցված, ընթացքի մեջ են, հես ա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ։ Իրենք մտածում են՝ ՀՀ-ում կարող են քաղաքական գործունեությամբ զբաղվե՞լ»: Նա նաև հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ՀՀ-ում քաղաքական հեռանկար չունեն»։
Գրեթե նույն մտահոգություններն է կիսում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Դեպի Անկախություն տանող մեր ճանապարհը չափազանց դժվար էր ու լի փորձություններով:
Այն սկսվեց պատերազմով, տնտեսության փլուզմամբ և էներգետիկ ճգնաժամով, ինչը մեծ տառապանք պատճառեց մեր բոլոր քաղաքացիներին: Սակայն, չնայած այդ փորձություններին և ի հեճուկս դրանց, այդ տարիներին դրվում էին մեր պետականության հիմքերը:
Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունն՝ առանց հզոր պետականության:
Ես պատիվ եմ ունեցել 10 տարի մեր պետության ղեկավարը լինել և շնորհակալ եմ ճակատագրին՝ երկրիս ծառայելու հնարավորության համար: Այդ տարիներին շատ բան է արվել երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և պետականաշինության գործում: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի Հայոց պետականության ընկալումը դառնա քաղաքացիների կողմից մեր ազգային ինքնության ընկալման անբաժանելի մասը:
Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում:
Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն:
Սիրելի հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ, մաղթում բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք»,- ասված է նրա շնորհավորական խոսքի մեջ:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանին 168.am-ը խնդրեց տալ այս երևույթի հոգեբանական բացատրությունը։
«Դա ներքին վախերի հետ է կապված, ուրիշ ոչ մի բանի։ Իրականում ոչ մի ինտերվենցիա չեղավ գործի մեջ, բայց ներքին վախեր կային, դրա համար էլ մարդիկ բարձրաձայնեցին այդ մասին»,- ասաց հոգեբանը։
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք այդ վախը կապված է իշխանության կորստի հետ, Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մարդը միշտ ասում է այն, ինչ կա իր ենթագիտակցականում, և, իհարկե, նրանք վախենում են իշխանությունը կորցնելուց։
Գոհար Սավզյան