Բաժիններ՝

«Ծրագրված կապիտալ ծախսերի 74 տոկոսը չի կատարվել». տնտեսագետ

Ծրագրված կապիտալ ծախսերի 74 տոկոսը չի կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ըստ նրա` հիմնավորումը, թե չկան բավականաչափ մեխանիզմներ այդ ոլորտի կոռուպցիան կանխարգելելու համար, հիմնավոր բացատրություն չէ:

«Այդ գումարները պետք է ծառայեին ՀՆԱ-ի աճին, տնտեսության մեջ լրացուցիչ պահանջարկի խթանմանը, ինչը շատ կարևոր է, սակայն, երբ պետական հարկերը հավաքվում են և ծախսերը չեն կատարվում կամ թերակատարվում են, այստեղ արդեն տնտեսության զարգացման բացասական ազդակներ են արձանագրվում: Սա ազդեցություն է թողնում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում հատկապես, քանի որ այսօրվա չկատարված կապիտալ ծախսերը զսպող գործոն են լինելու հաջորդ տարվա տնտեսական աճի տեսանկյունից»,- նշեց նա:

Անդրադառնալով գրանցված աշխատողների թվի աճին` տնտեսագետն արձանագրեց, որ ստվերից աշխատողներին դուրս բերելու գործընթացը մեկնարկել է 2017-ի վերջերից:

«2018-ի առաջին չորս ամիսներին գրանցված աշխատողների թվի աճը միջին հաշվով մոտ 40 տոկոսով ավելի է եղել, քան դրանից հետո: 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թիվն ամսվա կտրվածքով միջինում աճել է շուրջ 7.000-ով, իսկ այս տարվա  մայիսից մինչև օգոստոս` 4100-ով: Այսինքն` աճի տեմպը միջին ամսական նվազել է 40 տոկոսով»,- մանրամասնեց Ավետիսյանը:

Դաշնակցական տնտեսագետը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 2019-ի առաջին եռամսյակի տվյալներով` գործազուրկների թիվը 16.000-ով ավելացել է, այսինքն` մեկ տոկոսային կետով, ըստ այդմ` 21 տոկոսից գործազրկության մակարդակը դարձել է 22 տոկոս:

«Բացի այս, նվազել է զբաղվածության մակարդակը, և այս պարագայում խոսել 7 ամսվա ընթացքում պետական ծրագրերով տեղավորված 1000 աշխատողից, ուշագրավ չէ, երբ այդ ցուցանիշը ժամանակին 3-4 անգամ ավելի էր, քան նախորդ տարիներին: Կամ կենսաթոշակային համակարգում արձանագրվեց, որ 3.8 միլիարդ դրամի խնայողություն ենք ունեցել, ասեմ, որ նախորդ տարիներին սրանից էապես բարձր խնայողություն է եղել, որի համար ներդրվել է էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը` ապահովելով առավել թափանցիկ կառավարում»,- լրացրեց նա:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա, ըստ Թադևոս Ավետիսյանի, 2015 թվականից հետո բարձրացում չի եղել և շուրջ 15 տոկոսով ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղից, և շեղումն ամեն օր  ավելի է մեծանում:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս