«Հայաստանին ո՛չ առաքյալ է պետք, ո՛չ փրկիչ, Հայաստանին արդյունավետ կառավարիչ է պետք». Նարինե Դիլբարյան

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ

– Տիկին Դիլբարյան, որոշ ուժեր խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, Դուք դա հավանական համարո՞ւմ եք:

– Ընդհանրապես, այո՛: Ինչո՞ւ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հիմա սկսում ավելի շատ խոսել, որովհետև մի երևույթ գնալով խորանում է. դա կառավարման համակարգի ճգնաժամն է Հայաստանում: Ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը և խորհրդարանական մեծամասնությունը տրվեցին համակարգային փոփոխություններ չկատարելու գայթակղությանը՝ մտածելով, որ արդեն կան ձևավորված համակարգեր, ուստի հին ուժերը հեռացել են, և իրենք կարող են այդ համակարգը ղեկավարել և արդյունավետ հասցնել, դիցուք, հեղափոխության հռչակած նպատակներին: Բայց համակարգն ամեն ինչ է. այն վեր է ցանկացած անձից և ցանկացած բարի մտադրություններից, և այս ամբողջ ընթացքը մեզ ցույց տվեց, որ կառավարման ճգնաժամը բերում է անարդյունավետ գործողությունների:

Այդ անարդյունավետ գործողությունները խորացնում են հանրային և իշխանական համերաշխության հզոր միասնությունը, որը կար, և դրա արդյունքում սկսում է ընկել վարչապետի վարկանիշը: Բացի այդ՝ Ամուլսարի հետ կապված այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ «Իմ քայլը» խմբակցությունում ևս կան մարդիկ, որոնք չեն դավանում այդ կառավարության գործողություններն անմիջապես գործի դնելու մարտավարությանը, այսինքն՝ նրանք ևս ունեն իրենց սկզբունքային դիրքորոշումը:

Ի դեպ, ես խորհրդարանական ընտրություններից հետո նշել եմ, որ, երբ չկա դրսի ընդդիմություն, իսկ խորհրդարանի այդ երկու ուժերին, ինչպիսին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն են, դժվար է համարել գաղափարական ընդդիմություն, ապա ընդդիմությունը ձևավորվում է ներսում: Այսինքն՝ այն, որ ֆրակցիոն տրոհումներ կլինեն, դրա մասին խոսվում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Եթե իսկապես «կանգ առ» չկատարվի, և լրջագույնս չփորձեն վերլուծել, թե ինչն էր այդ սխալ, անարդյունավետ քայլերի հետևանքը (իսկ մենք պետք է արձանագրենք, որ հեղափոխության շատ նպատակներ և թիրախներ բոլորովին չենք կարողացել բերել իրենց հաջող լուծման հանգրվանին), ապա կարող է ծագել նաև այդպիսի անհրաժեշտություն:

Եվ ընդհանրապես, քաղաքական զարգացումները, այն էլ՝ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է՝ պառլամենտական կառավարման նոր հանգրվանի մեջ խորասուզված, կարող են տարբեր լինել: Այս զարգացումները կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի մի մտքի՝ փոխել սեփական թիմը, ձևավորել նոր թիմ, կամ կարող է ստեղծվել այնպիսի քաղաքական իրավիճակ, երբ բոլոր կողմերին ձեռնտու կլինի անցկացնել նոր ընտրություններ, և գուցե իսկապես կարողանանք ձևավորել այնպիսի խորհրդարան, որը կարտահայտի հանրության տարբեր շերտերի տրամադրությունները: Եվ, անկեղծ ասած, չեմ կարծում, թե արտահերթ ընտրությունները կլինեն ռևանշի ձգտող ուժերի հաղթանակի նշան: Բոլորովին, նրանք ընդհանրապես կարող են նախանշել այն հիմնային արժեքների ամրակայման հանգրվանը, այսինքն՝ ազատ, ինքնիշխան, արդյունավետ իրավական պետություն և գործող խորհրդարան ձևավորելով:

– Բայց մենք ունե՞նք ձևավորված ընդդիմադիր դաշտ, որ նման պարագայում կարող է մտնել խորհրդարան, այսինքն՝ այլընտրանք կա՞:

– Ես զգում եմ, որ նոր հերոսի որոնումը հայ մտայնության մեջ տարածվում է, բայց ես ուզում եմ մեզ հեռու պահել այդ գայթակղությունից: Այո, մենք ունենք քաղաքական ուժեր. մի մասը՝ բավական կայացած, Երրորդ Հանրապետության հռչակումից ի վեր գործող, եկեք նրանց գնահատականները հիմա չտանք: Շատերը կայացած են, որովհետև մասնակցել են բազմաթիվ ընտրությունների, ունեցել են հաղթանակներ, պարտություններ և սխալներ, բայց ասել, որ մենք չունենք կուսակցություններ ընդհանրապես, սխալ կլինի: Այլ հարց է, որ հիմա «Կուսակցությունների մասին» օրենքը բարեփոխվում է, և կարծում եմ՝ ընտրված է ճիշտ ուղղություն: Ունենք ուժեր, ունենք հանրություն, եթե ստեղծվի համապատասխան քաղաքական ազատ իրավիճակ… բայց դրան պետք է նախորդեն մի քանի լուրջ քայլեր՝ ԸՕ բարեփոխում, որն այն ժամանակ կիսատ մնաց, և տեսնում եք, թե ինչի հանգեցրեց: Ես կարծում եմ՝ Սահմանադրությունը ևս բարեփոխումների կարիք կլինի, որպեսզի մեր բոլոր քայլերը ոչ թե թելադրված լինեն բարի մտադրություններով, այլ ամրակայված լինեն օրենքով: ՍԴ խնդիրն էլ պետք է հանգուցալուծվի օրենքով, որպեսզի մենք անխոցելի լինենք: Եթե դու չունես իշխանություն, ուրմեն՝ ընդդիմություն ես, իսկ այդպիսի ուժեր Հայաստանում կան:

– Այսինքն՝ որ կարող են այլընտրա՞նք լինել «Իմ քայլին»:

– Իհա՛րկե կարող են այլընտրանք լինել, կարող են նրանց հետ համատեղ գործել: Օրինակ՝ որքան նախընտրելի կլիներ, եթե խորհրդարանում գոնե 5 քաղաքական ուժ ներկայացված լիներ, այդ դեպքում հաղթած ուժը ստիպված կլիներ գնալ իրական կոալիցիայի, ոչ թե՝ այն թշվառ կոալիցիային, որի փորձը մենք գիտենք, այսինքն՝ իշխանական կերակրատաշտից օգտվել, այլ գաղափարական դաշնակիցներ գտնել և համատեղ խնդիրներ լուծել:

– Խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին բազմաթիվ ուժեր, բայց հանրությունը, կարելի է ասել՝ իր վստահության ողջ քվեն տվեց «Իմ քայլը» դաշինքին:

– Բայց տվեցին մեկ մարդու: Եկեք անկեղծ լինենք, որ «Իմ քայլը» խմբակցության ձայների ջախջախիչ մեծամասնությունը, եթե ոչ՝ ամբողջը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական դրամագլուխն էր: Այսինքն՝ ընտրում էին անձի, և իմ միակ հույսն այն է, որ մենք այս անգամ անձ չենք ընտրի, այլ կընտրենք գաղափարաբանություն: Եվ կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հիմա իր այս քայլերով կարծես գիտակցում է այն փաստը, որ առանց գաղափարախոսության, առանց «իզմ»-ի կառուցել արդյունավետ պետություն, անգամ ունենալով ամենամաքուր նպատակները, անհնար է: Ուստի, այս գալիք ընտրությունները՝ արտահերթ թե հերթական, պետք է լինեն գաղափարական ընտրություններ: Ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն դեպքում մի որոշակի զանգված չմասնակցեց դրան, որովհետև նրանք չտեսան գաղափարական այն ուղենիշերը, այն ծրագրերը, որոնք կհամապատասխանեին իրենց կամքին:

– Քվեարկողների մեծ մասն արդյո՞ք գաղափարների օգտին է քվեարկում, թե՞ ձեր ասած՝ մեկ անձի:

– Նախորդ ընտրություններն անձի ընտրություններ էին…

– Հիմա ինչո՞ւ պետք է լինի գաղափարական:

– Դա ինձ ուրախացնում է, որովհետև երբ չկան դրսևորված խարիզմատիկ կամ տարբեր տեխնոլոգիաներին տիրապետող անհատներ, որոնք կարող են հիպնոսացնել զանգվածներին… Ես ընդհանրապես շատ ուժեղ խարիզմատիկ առաջնորդներից ինչ-որ տեղ երկյուղում եմ: Առաջնորդը, ամենից առաջ, իր թիմով, իր գաղափարներով է հզոր, և ժամանակն է համակարգային ընտրություններ կատարելու: Եվ գուցե դա լավ է, որ հիմա որոշակի զարգացումներից հետո մենք չենք ունենա մի այնպիսի բացառիկ առաքյալի կամ փրկչի կերպար: Հայաստանին ո՛չ առաքյալ է պետք, ո՛չ փրկիչ, Հայաստանին արդյունավետ կառավարիչ է պետք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս