Բաժիններ՝

Պապիս խաչը

Ես 15 տարեկան էի, երբ պապիս մահացավ. կյանքիս առաջին ու շատ կցանկանայի, որ վերջին մարդկային կորուստս լիներ, բայց հիմա քաջ գիտակցում եմ, որ դա բնական է. մի օր բոլորս ենք այս կյանքից գնալու:

Պապիս մեջ էր ամփոփված իմ մանկության ամենատպավորիչ դրվագները, նրա սառը թվացող հայացքն ամենաջերմն էր թոռների՝ առավել ևս ինձ համար: Պապիս ուներ իրեր, որոնց քչերին էր թույլատրվում դիպչել, իսկ երջանիկներին էր միայն հաջողվում իմանալ դրանց ստեղծման պատմությունները:

Նա ուներ փայտյա նարդի և խաչ՝ սեփական ձեռքերով փորագրած: Ամենքի հետ չէր, որ նարդի կխաղար և հատուկենտ էին նրանք, ում առաջ կբացվեր հենց իր փորագրած նարդին:

Մահից հետո հայրս այդ նարդին ու խաչը բերեց տուն. կարծես պապիս կարոտն այդպես էր ցանկանում առնել:

Պապս Աստվածավախ մարդ էր. հավատում էր միայն Աստծո և խաչի զորությանը: Նա ամեն տարի՝ Խաչվերացի տոնին, առանձնահատուկ ոգևորվածությամբ էր եկեղեցի այցելում ու միշտ իր խաչն էր տալիս օրհնության: Այդ սուրբ պարտականությունը ոչ ոքի չէր վստահում: Ասում էր՝ ամեն մարդ իր խաչն ունի, պետք է ունենա, իսկ սա իմ ստեղծածն է, որի վրա ես ջանք ու ժամանակ եմ օգտագործել:

Հիմա նա մեզ հետ չի, բայց այդ խաչը ես եմ ինձ մոտ միշտ պահում և ներքուստ խոսք եմ տվել ինքս ինձ, որ ամեն տարի կօրհնեմ իր խաչը՝ պապիս խաչը:

Լիլիանա Օսիպյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս