Ինչ է ակնարկում Արթուր Վանեցյանը, կամ՝ ինչո՞ւ իշխանական էլիտան չի գրոհում նրա վրա
Հայաստանում իրադարձությունները զարգանում են բավականին անկանխատեսելի և արագ, դինամիկ սցենարով, և իրավիճակի լոկալ փոփոխությունները հաճախ են հաջորդում միմյանց: Դեռևս Ամուլսարի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Մարտի 1»-ի գործով դատավարությունները, հայ հանրությունն ականատես դարձավ իշխանության ուժային բլոկում տեղի ունեցող արմատական և սենսացիոն հրաժարականների, որոնք ողջ քաղաքական դաշտը տակնուվրա արեցին և նոր վերադասավորումների սցենարների քննարկման առիթ հանդիսացան։
Իր հրաժարականի հայտնի տեքստում ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը բավականին ինտրիգային ու անսպասելի մեսիջներ էր ներկայացրել, ինչը վկայում է այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրենն ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին բավականին հետաքրքիր տեղեկատվություն ունի, և ամեն ինչ չէ, որ հարթ է ու խաղաղ իշխանությունների կուլիսներից ներս։
Հրաժարականից հետո ականատես դարձանք մի տենդենցի, թե ինչպես է իշխանական «սորոսական» սեկտորը քննադատում ու հեգնում գեներալին՝ անմեղսունակ ու պրիմիտիվ կուլտուր-կենցաղային թեզերով։ Տեղի ունեցածին ավելի քաղաքական երանգ տվեց Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Սա վկայում է նրա մասին, որ Փաշինյանն իր ասելիքը փորձում է տարածել իր սատելիտների շուրթերով։
Ըստ շրջանառվող լուրերի՝ օրերս Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ և իրականությանը չհամապատասխանող լուրեր ու վարկածներ հրապարակել, տիրաժավորել՝ անվանարկել նրան։
Խորհրդարանի, այսպես կոչված, իր մոտ ընդդիմադիր պատգամավորներ աշխատող կազմին էլ հանձնարարական է տրվել սուր քննադատության ենթարկել Վանեցյանին, փորձել նրան վարկաբեկել: Հիմնականում որպես քննադատության թիրախ՝ շրջանառվում են հետևյալ թեզերը՝ «Վանեցյանը փորձում էր հների հետ պալատական հեղաշրջում կատարել» և «Վանեցյանը խոչընդոտում էր և թույլ չէր տալիս կոռուպցիոներներին բացահայտել»։
Բացահայտ մանիպուլյացիոն թեզիսներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:
Այս երկու կեղծ վարկածներից հետո սկիզբ են առնում բազմաթիվ ենթավարկածներ՝ ամեն մեկն իր ֆանտազիայի չափով կատարում է հրահանգը։ Սկսած նրանից, թե Վանեցյանը հանդիպել է Ծառուկյանի հետ և առաջիկայում մտնում է ԲՀԿ՝ մինչև Միքայել Մինասյանի գրասենյակից ուղղորդված լինելը։
Չի կարելի բացառել, որ Վանեցյանի կուտակված ներուժը կարող է նաև քաղաքական նպատակներով օգտագործվել, այդ մասին է վկայում նաև Վանեցյանի հրաժարականի տեքստը, որն ավելի շատ քաղաքական բովանդակություն ուներ և մատնանշում էր իշխանության գործունեության հետ որոշակի անհամաձայնությունը: Այնպես որ, կտրուկ և միանշանակ հերքել, որ դա հենց քաղաքական դաշտ մուտք գործելու հավակնություն է, այդքան էլ ճիշտ չէ:
Փաստացի կարող ենք ընդգծել, որ Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի:
Նա գիտակցում է, որ «չէր կարող իր կողմից նման «լյապ» բաց թողնվել և իրենից վանել «հեղափոխության Ձերժինսկուն»»։ Ակնհայտ է, որ Փաշինյանի ու Վանեցյանի միջև գոյություն ունեցող «ռասկլադի» կտրուկ փոփոխություն է եղել, և դրանով պայմանավորված՝ ԱԱԾ պետը ներկայացրել է իր հրաժարականը, սակայն նա ներքին համոզմունք է ունեցել, որ նիկոլականները չեն «բզբզա» իր հետ ասոցիացվող բիզնես շրջանակներին ու նրա հարազատներին, քանի որ դժվար չէ ենթադրել, թե ինչ որակի ու քանակի կոմպրոմատներ կունենա Վանեցյանը Փաշինյանի հետ կապված։
Վերը նշվածի դասական օրինակ կարող է հանդիսանալ օրեր առաջ Վանեցյանի կողմից Թբիլիսիից հնչեցրած հայտարարությունը։ Նա նախ հերքել է ԲՀԿ-ի հետ քաղաքական պայմանավորվածության թեման, ապա մի քանի բացահայտ ակնարկ արել՝ ասելով․ «…եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողնեն ինձ, ուրեմն հանգիստ կշարունակեմ իմ կյանքը»: ԱԱԾ նախկին տնօրենը, ըստ էության, շանտաժ է անում Փաշինյանին՝ վերջինիս հասկացնելով, որ որոշակի իրավիճակում կարող է անգամ քաղաքականությամբ զբաղվել։
Ըստ էության՝ իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին։ Եթե հաջողվի դա իրականացնել, հետո կորոշի՝ հաջորդ փուլում ինչ անել։
Թեպետ, փաշինյանական «ագիտպրոպը» ստացել է հանձնարարական՝ հնարավոր բոլոր ուղղություններով ու հնարքներով անվանարկել ու կոնկրետ քննադատության թիրախ դարձնել Արթուր Վանեցյանին, բայց իմքայլականներն ու մնացածը մի տեսակ հապաղում են, քանի որ մտավախություն ունեն, որովհետև գիտակցում են, որ Վանեցյանը համակարգից «դատարկաձեռն» չի հեռացել և բոլորի, այդ թվում, առաջին հերթին՝ Փաշինյանի վերաբերյալ լուրջ փաստական ֆիքսված տվյալների «դոսյե» ունի։ Քանի որ, ինչպես ընդունված է ասել, նախկին ԱԱԾ-ական չի լինում։
Ըստ ամենայնի՝ այս մեկուկես տարվա ընթացքում Վանեցյանը բավականին լուրջ «տեղեկատվական պաշար» է հավաքել ԱԺ մեծ թվով պատգամավորների, ինչպես նաև նախարարների վերաբերյալ։ Փաշինյանի թիմակիցները գիտակցելով այս ամենը՝ կաշկանդվում են Վանցեյանին թիրախ դարձնել և անվանարկել ու ատամները սրած հարձակվել նրա վրա, քանի որ գիտակցում են, որ այդ տեղեկատվությունը կարող է դառնալ հանրային սեփականություն։
Արմեն Հովասափյան