«Փաշինյանը չի ցանկանում ունենալ նեղացած և տեղեկատվությանը տիրապետող փորձառու պաշտոնյաների բանակ». Նարինե Դիլբարյան
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ
– Տիկին Դիլբարյան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, դրան հետևեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը, խոսակցություններ կային, որ Դավիթ Տոնոյանն էլ է հրաժարական տալու, սակայն նա հերքեց դա: Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված, ինչո՞ւ են ուժայինները լքում Նիկոլ Փաշինյանին:
– Ես կարծում եմ՝ գործողությունը երկուստեք է, այսինքն՝ այս ուժայինները լքում են, և Նիկոլ Փաշինյանն էլ նրանց է լքում: Մի առիթով ձևակերպեցի, որ իրավիճակ է փոխվել. անցած 1.5 տարին կարծես Նիկոլ Փաշինյանին բերում է մի հանգրվանի, որտեղ նա հասկանում է, որ իր վարած նախորդ կադրային քաղաքականությունը կարծես չի համապատասխանում իրավիճակի հարուցած խնդիրների լուծմանը, և օբյեկտիվորեն պետք է տեղաշարժեր կատարվեին:
Սակայն, այդ օբյեկտիվ տեղաշարժի մեջ կա մեկ բացասական երևույթ, դա հետևյալն է՝ եթե մենք ուզում ենք այսուհետ ավելի արդյունավետ և համարժեք գործող կադրային քաղաքականություն ունենալ, ապա պետք է նշել այն սխալները կամ բացթողումները, որոնք կատարվում են: Բայց սխալների և բացթողումների մասին մենք օբյեկտիվ տեղեկատվություն չստացանք. միայն Էդուարդ Աղաջանյանը՝ աշխատակազմի ղեկավարը, ասաց, որ նրանց աշխատանքը չի գոհացրել վարչապետին: Եվ, իհարկե, կա նաև մեկ հակասություն՝ մենք տեղեկացանք, որ Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
Պարոն Օսիպյանն իր ամբողջ կրթությամբ և աշխատանքային կենսագրությամբ կապված է ոստիկանության հետ, հետևաբար՝ նրա խորհրդատվությունը պետք է կապված լինի ուժային այնպիսի կառույցի հետ, ինչպիսին ոստիկանությունն է՝ իր բոլոր հարակից ստորաբաժանումներով, ուստի հարցականն ավելի է խորանում: Եթե ինչ-որ հարցերում կա անհամաձայնություն, ապա ինչո՞ւ այսօր դա չբարձրաձայնել, որպեսզի հետագայում տրվելիք խորհուրդները լինեին հասցեական, և մենք չենթադրեինք, որ այդ կերպ պարոն Փաշինյանը փորձում է չունենալ նեղացած ազդեցիկ պաշտոնյաների բանակ: Այսինքն՝ կադրային փոփոխությունը ճիշտ էր և պետք է լիներ: Պե՞տք է դա արդյոք լիներ ուժայիններից, թե՞ ոչ, դա հարցի մեկ այլ կողմն է: Բայց այդ կադրային փոփոխությունները պետք է ունենային իրենց բացատրությունները՝ հետագայում առավել արդյունավետ գործունեության հանգելու համար:
– Ինչպես նշեցիք՝ վարչապետի առաջարկությամբ պաշտոնանկ արված Վալերի Օսիպյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Սա բազմաթիվ քննադատությունների առիթ տվեց, որ՝ եթե վարչապետը նրանից դժգոհ էր, ապա ինչպե՞ս է նրա խորհուրդներն ընդունելու: Ինչո՞ւ նա նշանակվեց, միակ բացատրությունը նրա նեղացած լինել-չլինելու հանգամա՞նքն է:
– Միակ տրամաբանական բացատրությունն այս պարագայում հետևյալն է, որ Փաշինյանը չի ցանկանում ունենալ նեղացած և տեղեկատվությանը տիրապետող փորձառու պաշտոնյաների բանակ: Խորհրդական նշանակելը հայոց քաղաքական հիերարխիայում մարդու սիրտը շահելու գործիքներից մեկն էր: Եվ ինձ թվում է՝ պարոն Փաշինյանը տուրք տվեց այդ հինավուրց ավանդույթին՝ չնեղացնել որևէ մեկին:
– Այդ դեպքում ինչո՞ւ չփորձեց շահել Արթուր Վանեցյանի սիրտը:
– Արթուր Վանեցյանի քաղաքական հայտարարության մեջ կային հրաժարականի պատճառներ, իսկ եթե հիշեք Օսիպյանի հայտարարությունը, ապա այնտեղ, շնորհակալությունից և սպայի պատվից ու արժանապատվությունից զատ, նշված էր, որ հրաժարականի մասին ինքը կխոսի հետագայում: Գուցե դա ևս պատճառ հանդիսացավ, որ նա սահուն տեղափոխվի դեպի գլխավոր խորհրդականի կարգավիճակ, գուցե այնտեղ իրեն առավել անվտանգ դրսևորի:
Բայց միևնույն է, ես կարծում եմ՝ ուժայինների գործունեությունը յուրաքանչյուր պետության արդյունավետ գործունեության համար շատ կարևոր է: Ուստի այն խնդիրը, որ մեզ չասվեց, թե դժգոհությունն ինչումն էր… իսկ հիշենք, որ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ ոստիկանապետից դժգոհությունը կապված էր Ամուլսարի դեպքերի առնչությամբ ժողովրդական դժգոհությունը կարգավորելու անկարողության հետ, բայց եկեք նշենք, որ այդպիսի գործողությունները ոստիկանությանը չեն կարող միակողմանի հաջողության բերել: Այսինքն՝ եթե հասարակության մի շերտի մեջ անհամերաշխություն կա պետական տնտեսական քաղաքականության հետ, ապա ոստիկանությունը չէ այն ուժը, որ պետք է կարգավորի դա և հանրային համերաշխություն ստեղծի:
– Քանի որ ակնարկեցիք Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի մասին, հետաքրքիր է՝ Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:
– Ըստ իս՝ Ազգային անվտանգությունն այնպիսի մարմին է, որտեղ քաղաքական հայտարարությունները պատեհ չեն, և Վանեցյանի քաղաքականությունն իմ և այլ վերլուծաբանների կողմից գնահատվել է՝ մասամբ ժողովրդահաճո և ազգային անվտանգությանը ոչ այնքան համապատասխան: Եկեք հիշենք այն ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք ավելի շատ քաղաքական պաշտոնյային են հարիր, քան ԱԱԾ տնօրենին: Հետագայում, այդ քննադատությունից հետո, պարոն Վանեցյանն իր հրապարակային գործունեությունը կարծես սկսեց զսպել, բայց այնտեղ եղել են նաև մասնագիտական շատ խոցելի կետեր, օրինակ՝ գաղտնալսումը: Ես այն ժամանակ արձանագրել եմ, որ որևէ այլ պետության ԱԱԾ տնօրեն այդ գաղտնալսման փաստից հետո կարող էր նաև հրաժարական տալ, որովհետև թե՛ իր աշխատակիցներն էին թերացել, թե՛ ինքն էր վրիպել, թե՛ ընդհանուր իրավիճակն էր այդպիսին: Բայց այնուամենայնիվ, այդ երևույթը ցույց տվեց մեր ԱԱԾ խոցելիությունը:
– Ինչո՞ւ այն ժամանակ Արթուր Վանեցյանը հրաժարական չտվեց, ի՞նչ եք կարծում:
– Բարդ է ասել: Այն ժամանակ, ըստ երևույթին, ինքը չէր տեսնում այդ հախուռն գործունեությունը: Անկեղծ ասած՝ շատերն են նշում, որ մեր պետական քաղաքականությունը հախուռն է, երկրորդական և առաջնային խնդիրները կարծես շփոթվում են իրենց տեղերով, և մենք զբաղվում ենք բռնկված հրդեհները մարելով և համակարգային համալիր լուծումներ, չգիտես ինչու, չենք տալիս: Բայց ինձ թվում է՝ պարոն Վանեցյանն ինքն էլ ունի պատասխանատվության իր բաժինը: Այսինքն՝ ինքն էլ է այդպիսի հախուռն որոշումների ընդունմանը ոչ միայն մասնակից եղել, այլև եռանդուն դրանք կենսագործունեության մղել: Իր գործունեության մեջ ևս նկատելի էր այդ երկրորդականն առաջնայինի հետ շփոթելու միտումը: Հուսով եմ՝ պարոն Վանեցյանի քննադատական խոսքերը և «կանգ առ»-ն ինքը նաև իրեն է ասել՝ որպես պաշտոնյայի, որ կանգ առնելու և համակարգված ինստիտուցիոնալ գաղափարաբանության վրա հիմնված գործունեություն ծավալելու ժամանակն է:
– Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո փորձագիտական շրջանակներում կարծիքներ հնչեցին, որ նա մտնում է քաղաքականություն: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցում:
– Հայտարարությունը, ինչպես նշեցի, ի սկզբանե ԱԱԾ աշխատակիցներին բնորոշ չէր, որոնք միշտ նախընտրում են լինել ստվերում. դա շատ յուրահատուկ ոլորտ է: Այսինքն՝ հայտարարության բնույթն իսկապես քաղաքական էր: Բայց թե այդ քաղաքական հայտարարությունից հետո կմտնի՞ պարոն Վանեցյանը գործուն քաղաքականություն, դժվար է ասել:
Եթե հոգեվերլուծաբանական հայացքով նայենք, կարող ենք տեսնել, որ նրա մեջ քաղաքական գործչին բնորոշ հատկանիշներ կան: Ընդ որում՝ մի շրջան պարոն Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ուներ, որովհետև մի հանրության մեջ, որը կարոտ է սոցիալական արդարության, պետական արդարադատության և օրենքի գերակայության, երբ դու հայտարարում ես, որ շուտով այսպիսի աղմկոտ գործեր են բացահայտվելու, պետական հարստությունը և ժողովրդի ունեցվածքը վատնածները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ապա դու օբյեկտիվորեն հերոսի լուսապսակով ես օժտվում: Կարծես դա դուր էր գալիս պարոն Վանեցյանին, և կարող եմ եզրակացնել, որ իր բնույթով ինքը հակված էր քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Բայց արդյոք դա կհանգեցնի՞ քաղաքական գործունեության, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում