«Իշխանությունն ընկել է իր լարած թակարդը». Անի Սամսոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ դեռևս ամիսներ առաջ է իրենց խմբակցությունը հայտարարել, որ ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա։ «Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանությունն ընկել է իր լարած ծուղակը, արհեստական ճգնաժամ է ստեղծել, որի մասին բազմիցս խոսել ենք»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով Ամուլսարի շահագործման դեմ Ջեմուկում ընթացող ակցիաներին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ սա բնական ռեակցիան է այն բոլոր իրադարձությունների ու հայտարարությունների, որոնք տեղի են ունենում։
«Իմ ընկալմամբ՝ հայտարարությունները՝ թե՛ վարչապետի, թե՛ իշխող կուսակցության, հանգեցնում են նրան, որ հանքի շահագործման որոշումը կա, բայց հարցն այն է, թե այդ որոշումն ինչպես պետք է մատուցեն ժողովրդին և ինչպես բացատրեն, որ ճանապարհները պետք է բացեն։ Սա հեշտ չի լինելու, որովհետև մենք խոսել ենք ջերմուկցիների հետ, և հարցի հետ կապված նրանց կարծիքը շատ կարծր է, նրանք չեն զիջելու»,- շեշտեց Անի Սամսոնյանը։
Նա նաև հավելեց, որ ԼՀԿ-ն Ամուլսարի հարցի հետ կապված իր տեսակետը հայտնել է և միշտ ասել է, որ կանաչների կուսակցություն չեն, ուստի շարժման լոկոմոտիվը չեն։ Ավելին՝ չեն փորձելու այդ շարժումից քաղաքացիական դիվիդենտներ շահել, բայց նաև իրենց համար շատ կարևոր է, որպեսզի հաշվի առնեն ժողովրդի կարծիքն ու շահը։
Տեսանյութը՝ շուտով:
Զվարթ Խաչատրյան