Բաժիններ՝

«Նաիրիտ» գործարանում նախկին չարաշահումների բոլոր թելերը տանում են դեպի Տիգրան Սարգսյանը. Կարեն Իսրայելյան

«Նաիրիտ» գործարանում միլիոնավոր չարաշահումների քննությունն անհասկանալի պատճառներով ձգձգվում է։

Դեռևս 2017թ. մայիսի 14-ին «Նաիրիտի» մի շարք աշխատակիցների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունը:

Հայաստանում իշխանափոխությունից հետո, 2018թ. օգոստոսին, ուժայինների հետ քննարկումների արդյունքում նաիրիտցիների համակարգող խումբը Քննչական կոմիտեին ներկայացրել էր տեղեկանք՝ գործարանում տեղի ունեցած չարաշահումների կապակցությամբ: Քրեական գործով նշանակվեց ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը, սակայն, մինչ օրս պատրաստ չէ։

168.am-ի հարցմանը, թե ավարտվե՞լ է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննությունը, ի՞նչ արդյունքներ կան, նաև ի՞նչ արդյունքներ կան գործարանում չարաշահումների փաստերի ուսումնասիրության վերաբերյալ, քրեական գործով ո՞վ է հարցաքննվել, կա՞ որևէ մեղադրյալ կամ կասկածյալ, ՔԿ-ից շատ «ժլատ» պատասխան են տվել՝ եզրակացությունը դեռևս չի ստացվել։

««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության ծառայողների կողմից իրենց կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ և ուրիշ կազմակերպությունների օգտին օգտագործելով՝ 2009 թ. առաջին կիսամյակում ստացված 35 մլն ԱՄՆ դոլար վարկի ոչ նպատակային օգտագործման հետևանքով ընկերության շահերին ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Համալիր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո քրեական գործով կձեռնարկվեն անհրաժեշտ դատավարական և քննչական գործողություններ»,- գրել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը՝ միաժամանակ փորձելով կանխելով մեր հետագա հարցումները՝ նշելով, որ քրեական գործի հետագա ընթացքի մասին հրապարակման ենթակա տեղեկատվությունը հետագայում կհապարակվի ՀՀ ՔԿ պաշտոնական կայքում՝ հաշվի առնելով նախաքննության տվյալների գաղտնիության ռեժիմը։

Ըստ ոլորտի գիտակների՝ նման փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է ընդամենը 1 շաբաթ, իսկ հաշվի առնելով քննիչների գերզբաղվածությունը, որի մասին երեկ ասուլիսում կրկին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 3-4 ամիսը լիուլի բավարար է։

Ընդ որում՝ տվյալ փորձաքննությունն իրականացնում են ոչ թե՝ քննիչները, այլ՝ փորձագետները, որոնց զբաղվածությունը, թերևս, քիչ ավելի փոքր է։ Ամեն դեպքում, 1 վարկի ստացման ու ծախսման հանգամանքների ուսումնասիրության համար 1 տարին չափազանց շատ է։

Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ գործն այսքան ձգձգվում է։

«Նաիրիտի» նախկին տնօրեն, համակարգող խմբի անդամ Կարեն Իսրայելյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գործարանում նախկին չարաշահումների բոլոր թելերը տանում են դեպի ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը։ 2006 թվականից ի վեր այդ չարաշահումներին Տ.Սարգսյանի առնչության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։

«Հավանաբար, խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանը բարձր պաշտոն է զբաղեցնում ԵԱՏՄ-ում, և հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի դեպքում տեղի ունեցածը՝ ՀՀ ներկայիս իշխանությունները խուսափում են նոր սկանդալից։ Ինչո՞ւ մյուս բոլոր դեպքերում չեղածը «եղած» են դարձնում, իսկ իր դեպքում դեռ որևէ զարգացում չկա, ուղղակի լռում են նրա մասին»,- ասաց Կ.Իսրայելյանը։

Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ է նշանակվել 2016 թ. փետրվարի 1-ից, երբ Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն անցել է Հայաստանին։ Այստեղ ռոտացիան տեղի է ունենում 4 տարին մեկ: Այսինքն՝ Հայաստանի ժամկետը սպառվում է 2020 թ., հետևաբար՝ նշանակվելու է նաև Կոլեգիայի նոր ղեկավար (Բելառուսից):

Թե ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այդ ժամանակ, կիմանանք ամիսներ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս