«Խեղաթյուրված է ներկայացված, որ ժողովրդի զայրույթն առաջացնի». Նարեկ Զեյնալյանը՝ Արսեն Թորոսյանի պատասխանի մասին
Երեկ երեկոյան ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին տնօրենի ժ/պ-ն բանվորի հաստիք է առաջարկել:
«ՑԻՆԻԶՄ է, երբ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է ԲԱՆՎՈՐԻ հաստիք։
Նույն կենտրոնի բակում արմատախիլ են արվել ծառեր՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։
ՍԱ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ»։
Այս հրապարակմանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պատգամավորը հայտարարություն է արել՝ առանց երկրորդ կողմին լսելու:
«Ի պատասխան ստորև հայտարարության։
Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:
Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում, մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ՝ շան արյուն է հետազոտվում:
ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:
Եվ վերջապես, ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»,- գրել է Թորոսյանը:
168.am-ի հետ զրույցում Նարեկ Զեյնալյանն ասաց՝ Արսեն Թորոսյանի հրապարակած տվյալները մասամբ են համապատասխանում իրականությանը և հակաօրինական չեն: Նրա պնդմամբ՝ ցանկացած հիվանդանոց և ՓԲԸ իրավունք ունի իր տարածքը տալ վարձակալության, իսկ բաժնի վարիչը, ի հակառակ Արսեն Թորոսյանի պնդման, տարածքի կադաստրային գնից 3 անգամ ավելին է վճարել:
«Ցանկացած հիվանդանոց, ցանկացած փակ բաժնետիրական ընկերություն իրավասու է օրենքի շրջանակներում իր տարածքը կամ տարածքի մի մասը տալ վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչը և արված է: Այդ հիվանդանոցի մի մասը տրվել է «Medline» կենտրոնին հավատարմագրային կառավարման՝ մոտ 1000-2000 քմ տարածք, կոնկրետ չգիտեմ, կճշտեմ:
Բաժնի վարիչը տարածքը վերցրել է վարձակալության: Գնահատվել է կադաստրային արժեքը, բաժնի վարիչը տարածքի համար վճարել է դրա կադաստրային արժեքից երեք անգամ ավելի: Այնտեղ իրականացվել են հետազոտություններ, որոնք տվյալ բուժկենտրոնում չեն իրականացվում, և հակառակը՝ չեն իրականացվել այնպիսի հետազոտություններ, որոնք բուժկենտրոնում իրականացվել են: Այսինքն՝ այստեղ բուժկենտրոնի լաբորատորիային հակադրվելու, այսպես ասած՝ «հիվանդ փախցնելու» խնդիր չի եղել: Այնտեղ ուղղակի արվել են հետազոտություններ, որոնք չեն արվում այդ բուժկենտրոնում»:
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի այն պնդմանը, թե այդ լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ՝ «շան արյուն է հետազոտվում», Նարեկ Զեյնալյանը պնդում է, որ դա ևս իրավաչափ է:
«Օրենքով արգելված չէ: Ցանկացած լաբորատորիայում, եթե փակ սրվակով արյուն են բերում, նրանք իրավունք ունեն կատարել հետազոտություն: Խեղաթյուրված է ներկայացված, որ ժողովրդի զայրույթն առաջացնի, կեղծարարության տպավորություն է ստեղծում, բայց այդպես չէ ամենևին: Գոյություն ունեն գիտահետազոտական կենտրոններ, և դա էլ գիտահետազոտական կենտրոն է, որտեղ կան կամ կարող են լինել փորձերի համար նախատեսված առնետներ, և այդ առնետների արյունն էլ պետք է լաբորատոր հետազոտության ենթարկվի, որպեսզի գիտական փորձերի արդյունքներ հետազոտվեն:
Շան արյան անալիզի մասով տնօրենը Ոստիկանություն է դիմել, Ոստիկանությունը եկել է, հանցակազմ չի գտել, որևէ գործ չի հարուցվել»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին մեղադրում էր նաև կողմերից միայն մեկին լսելով՝ հայտարարություն անելու համար: Պատգամավորն ասում է՝ փաստերը մեկնաբանելու համար երկրորդ կողմին լսել պետք չէ:
«Պարոն Թորոսյանին չի վերաբերում իմ գրությունը, այն ուղղված է եղել կենտրոնի տնօրինությանը: Այդ ամեն ինչը փաստերով կա, հակառակ կողմին լսելու խնդիր չկա, ծանուցումը կա, որ բժշկին, որպես այլընտրանք, առաջարկել են բանվորի հաստիք: Այն, ինչ գրել է Արսեն Թորոսյանը, ես նախապես գիտեի, դրանք նույնպես փաստեր են, որոնց պարագայում երկրորդ կողմի կարծիքը լսելու կարիք չկա»:
Մամուլում հրապարակումներ եղան, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանն Արսեն Թորոսյանի սանիկն է: Մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Գ. Սիմոնյանը կատարում է Առողջապահության նախարարի հրահանգը, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել.
«Չգիտեմ, չեմ կարող ասել, բարեկամը՝ չգիտեմ, բայց մոտիկ ընկերն է, իր հրահանգի մասով էլ բան չեմ կարող ասել»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ