Արտաքին պարտքը նվազել է բացառապես ԿԲ պարտքի կրճատման հաշվին. Ի՞նչ է տեղի ունեցել կառավարության պարտքի հետ

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքը նվազել է։ Չնայած կառավարության արտաքին պարտքն ամենևին էլ չի նվազել, գոնե մինչև այժմ հրապարակված տվյալներով, այնուհանդերձ, եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, դա դեռ չի նշանակում, թե բարելավվել է պարտքի կառավարումը։ Բացի այն, որ իշխանափոխությունից հետո ակտիվացել է ներքին պարտքի ներգրավումը, մյուս կողմից` արտաքին պարտքի ոլորտում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք ամենևին էլ ոգևորվելու առիթ չեն տալիս։

Պարտքի կառավարման արդյունավետությունը գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչի՞ հաշվին են տեղի ունեցել այդ փոփոխությունները։ Բայց մինչ դրան անդրադառնալը` արձանագրենք, որ կառավարությունն ըստ էության ձախողել է արտաքին պարտքի քաղաքականությունը` միաժամանակ լուրջ վնասներ հասցնելով երկրի տնտեսությանը։

«2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետը:

Վերջերս էլ նման մի գրառում տեղադրել էր կառավարության ֆեյսբուքյան էջը` «2015թ. ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ 2019թ. հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով»։

Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվել իրականում։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին պարտքն իսկապես նվազել է. այս տարվա հուլիսի վերջի դրությամբ այն կազմել է 5 մլրդ 414 մլն դոլար։ Անցած տարվա մայիսին արտաքին պարտքը 5 մլրդ 494 մլն դոլար էր։

Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո արտաքին պարտքը նվազել է 80 մլն դոլարով։ Բայց դա տեղի է ունեցել բացառապես Կենտրոնական բանկի պարտավորությունների կրճատման հաշվին։ ԿԲ պարտքն այդ ընթացքում նվազել է 83 մլն դոլարով` 596 միլիոնից հասնելով 513 մլն դոլարի։ Սրա հետ կառավարությունը որևէ կապ չունի և չէր կարող ունենալ։

Իշխանափոխությունից հետո կառավարության արտաքին պարտքն իրականում ոչ միայն չի նվազել, այլև մի փոքր ավելացել է։ Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 900 մլն դոլար։ Մինչդեռ, անցած տարվա մայիսի վերջին այն 4 մլրդ 897 մլն դոլար էր։ Այսինքն` շուրջ 3 միլիոնով քիչ։

Բայց սա չէ էականը։ Արտաքին պարտքն ինքնանպատակ չէ։ Դրանք համեմատաբար էժան գումարներ են, որոնք նպատակաուղղվում են տարբեր ծրագրերի իրականացմանը։

Կառավարության արտաքին պարտքի աճի դանդաղումը հենց այդ ծրագրերի չիրականացման հետևանք է։ Ինչ էլ ասի Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, դրա բացատրությունը մեկն է. այն տեղի է ունեցել առկա ֆինանսական միջոցների վատ կառավարման պատճառով և ներքին տնտեսության հաշվին։

Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ երկիրն ամբողջ ծավալով չի ստացել դրսից նախատեսված ֆինանսական միջոցները, փոխարենը՝ ներքին տնտեսությունից հանել է գումարները` սպասարկելու արտաքին պարտքը։

Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ։

Պարտքի նվազումն առաջին հայացքից գուցե լավ է, բայց պետք է հասկանալ, թե դա ինչի՞ արդյունքում է տեղի ունեցել։ Արտաքին պարտքը ֆինանսական միջոցների փոխհոսք է, մի կողմից՝ ստացվում է, մյուս կողմից՝ մարվում։

Մինչ տնտեսությունը շրջանառու միջոցների լուրջ կարիք ունի, կառավարությունը սահմանափակել է այն համալրելու հնարավորությունը։ Ու դա արել է պետական բյուջեի եկամուտների ավելացման և ծախսերի թերակատարման պայմաններում, ինչն էլ ավելի է մեծացրել ճնշումը ներքին տնտեսության վրա։

Սրան որևէ հիմնավորում դժվար է տալ։ Պատահական չէ, որ մինչ ոչ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է արտաքին պարտքի նվազումով, տնտեսագետները բոլորովին այլ բան են ասում։ Ահա դրանցից մեկ-երկուսը։

Արտաքին պարտքի նվազումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կատարյալ անհեթեթություն է համարում. «Աշխարհի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ, և դրա հիմնական պատճառն այն է, որ կարճաժամկետ և երկարաժամկետ արժեթղթերի մեջ մեծ անդունդ է գոյացել: Այսինքն՝ այսօր ԱՄՆ-ը, օրինակ, աշխարհին ձրի փող է առաջարկում, Շվեյցարիայի Կենտրոնական բանկը փող է առաջարկում մինուսով, այսինքն՝ փողն էլ է տալիս, տոկոսն էլ, միայն թե վերցրու: Դոլարային գործունեությունը ֆինանսական շուկայում հասել է աննախադեպ չափերի՝ 85 տոկոս աշխարհում, և այդ պարագայում ՀՀ կառավարության գլուխ գովելը, թե արտաքին պարտքը պակասեցրել է, համարում եմ կատարյալ անհեթեթություն, համարում եմ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, աշխարհում երբեք այսքան ձրի փող չի եղել»:

«Արտաքին պարտքի նվազումը չի նշանակում, որ սա որպես կառավարության հաջողություն պետք է որակել»,- այսպիսի տեսակետ էլ վերջերս հայտնել էր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նա զարմանում է, որ կառավարությունը հպարտանում է արտաքին պարտքի կրճատումով։ Հատկապես որ, դա ուղեկցվել է բյուջեի ծախսերի թերակատարմամբ և մուտքերի ավելացմամբ։

Ու մինչ կառավարությունն ու վարչապետը հպարտանում են արտաքին պարտքի կրճատումով, վերջին շրջանում նկատվում է ներքին պարտքի բավական ակտիվ ավելացում։ Միայն հուլիսին կառավարությունը ներքին պարտքն ավելացրել է միանգամից 93 մլն դոլարով։

Ըստ այդմ, այն հասել է 1 մլրդ 570 մլն դոլարի։ Տարվա սկզբից ներքին պարտքն ավելացել է շուրջ 181 միլիոնով։

Միգուցե ներքին պարտքը նպաստավոր է տնտեսության ու ֆինանսական համակարգի համար, որովհետև գումարները վերադառնում են ներքին շուկա, բայց այն բավական ծանր բեռ է պետական բյուջեի վրա։ Ներքին միջավայրից ներգրավված գումարներն անհամեմատ ավելի թանկ փողեր են։ Ու երբ արտաքին ֆինանսական միջոցներով նախատեսված ծրագրերի չիրականացման կամ դանդաղ ընթացքի ու ժամանակացույցի շեղումների պատճառով արտաքին պարտքը նվազում է, իսկ ներքինը` ավելանում, դա դեռ պարտքի արդյունավետ կառավարում չէ։

Նշենք նաև, որ իշխանափոխությունից հետո կառավարության ներքին պարտքն ավելացել է ընդհանուր առմամբ 311 մլն դոլարով կամ ավելի քան 24 տոկոսով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս