Ծխախոտի մասին աղմկահարույց օրինագիծը հաստատվեց կառավարությունում
Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները, ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները, և այլն: Տեղական տուրքի հարկման դաշտ են բերվում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և նմանակների վաճառքը, որոնց թույլտվության տրամադրման համար սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների համար սահմանված դրույքաչափերը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագիծը «աղմկոտ» չի որակի, և, եթե անգամ աղմուկ կար, ապա այն շատ արհեստական էր։
«Սա շատ բնական պրոցես է մեր թե՛ միջազգային պարտավորությունների շրջանակներում, թե՛ մեր երկրի բնակչության առողջության պահպանման տեսանկյունից»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ քննարկումների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել, որոշ օրենքների փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ոլորտի այլ փոփոխությունները՝ հարկային օրենսգրքի փոփոխությունը, ոլորտի զարգացման տեմպերը, և այլն։
Ա.Թորոսյանը հայտնեց, որ վաճառքի կետերում ծխախոտային արտադրության ցուցադրության արգելքն ուժի մեջ է մտնելու 2021 թ. հունվարի 1-ից, իսկ փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքը, որի շուրջ հիմնական «աղմուկն» էր, ուժի մեջ է մտնելու 2022 թ. մարտի 15-ից։
Այժմ նախագիծը ներկայացվում է ԱԺ, որտեղ քննարկումներ կլինեն թե՛ հանձնաժողովներում, թե՛ լիագումար նիստում։ Նախարարի խոսքով՝ դեռ ժամանակ կա որոշակի ճշգրտումների համար։
Անդրադառնալով տուգանքի չափերին՝ Ա.Թորոսյանը նշեց, որ ցանկացած օրենքի տուգանքները կանխարգելելու համար են, որպեսզի օրենքի դրույթները չխախտվեն, այլ ոչ թե խախտվեն և դրանից հետո տուգանք գանձվի. «Եթե այդ տեսանկյունից ենք անդրադառնում, ապա չափերի խնդիրը երկրորդական է դառնում, առաջնայինն օրենքը չխախտելուն ուղղված միջոցառումներն են, որոնցից մեկը վարչական պատասխանատվությունն է, ինչպես ճանապարհային երթևեկության կամ համակեցության կանոների խախտմանը։ Ես չեմ կարծում, որ մամուլն այդ տեսանկյունից պետք է դիրքավորի իրավախախտումների դիմաց գանձվող գումարները»։